Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի տղամարդու են ձերբակալել, ով գնացել էր մահմեդականների սուրբ քաղաք Մեքքա՝ ի հիշատակ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ումրա կատարելու համար, հայտնում է AFP-ն։
Եմենի քաղաքացին սոցցանցերում տեսահոլովակ էր հրապարակել Մեքքայի Մեծ մզկիթում՝ իսլամի համար ամենասուրբ վայրում: Նա պաստառ էր բարձրացրել. «Ումրա՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հոգու համար, մենք խնդրում ենք Աստծուն ընդունել նրան երկնքում եւ արդարների մեջ»: Տեսանյութը տարածվել է Սաուդյան Արաբիայի սոցցանցերում, Twitter-ում օգտատերերը կոչ են արել ձերբակալել տղամարդուն: Սաուդյան Արաբիան Մեքքայում ուխտավորներին արգելել է պաստառներ կրել կամ կարգախոսներ վանկարկել։
Թեեւ մահացած մուսուլմանների անունից ումրան կատարել թույլատրվում է, ոչ մուսուլմաններին դա չի վերաբերում, ինչպիսին թագուհին է, ով Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչն էր:
Ումրան ուխտագնացություն է, որը կարելի է կատարել ցանկացած պահի, ի տարբերություն հաջի, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ եւ սովորաբար միլիոնավոր մարդկանց է գրավում ամբողջ աշխարհից: