News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ազգային ժողովում վարչապետն ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել էր նա։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումից րոպեներ հետո լայվ է մտել եւ պարզաբանել, թե ինչու է այդպիսի ելույթով հանդես եկել։

«Ինչու եմ ես խոսել այդ մասին, որովհետեւ այսօր ոտնձգության է ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք ասում ենք՝ այդ տարածքի ամբողջականությունը մեզ համար քննարկելի չէ։ Մեզ ասում են՝ միջանցք, մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով միջանցք որեւէ մեկին չենք պատրաստվում տալ, չենք տալու։ Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրելու, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով դնի կասկածի տակ։ Այսօր զինվորներն են սահմանից զանգում եւ ասում՝ էդ ճի՞շտ ա, որ թուղթ ա ստորագրվել, այսինքն՝ էլ սահմանը չե՞նք պահում։ Ինձ ասում են՝ ադրբեջանական կայքերն այդ վերնագրերով տարածում են։ Մենք ասում ենք՝ համապարփակ լուծման պատրաստ ենք գնալ։ Մեր հայրենիքն ավելի է՝ քան սրբությունը, սակարկման ենթակա չէ»,- նշել է Փաշինյանը։

Նա պնդել է, որ չկա որեւէ փաստաթուղթ կամ նախագիծ։

«Եթե լինի այնպիսի տարբերակ, բանակցությունների արդյունքում գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ վերլուծենք, որ դա Հայաստանի շահերին օգուտ է եւ երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն եւ անվտանգություն է ապահովելու, մենք այդ ուղղությունը կստանձնենք, մեր ժողովուրդը կասի՝ բայց սա մեր երազանքների թուղթը չի, ինչի եք ստորագրել, մենք կասենք՝ ժողովուրդ ջան, որովհետեւ մեր երազանքների թուղթը չի, բայց նայեք՝ փաստ 1, սա Հայաստանի համար ապահովում է առաջիկա հարյուր տարվա համար խաղաղությունը, փաստ 2 սա Հայաստանի համար ապահովում է հարյուր տարվա անվտանգություն եւ այսպես շարունակ։ Այնպես չի, որ լուծումը պետք է ձեռնտու լինի միայն մեզ։ 2018-ից ասել եմ՝ լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին, որ այդ լուծումը կյանք ունենա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ