News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի երդման արարողությունը:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակել է հայտարարություն առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Խորհրդի մյուս անդամները շնորհավորեցին նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթեցին հետագա աշխատանքում:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հայտարարությունում նշվում է, որ համաձայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ 117-րդ հոդվածի՝ ԲԴԽ-ն դատավորի թեկնածուի թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նրա անձնական գործը:

Առաջարկությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում ՀՀ նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է ԲԴԽ: Այս դեպքում ԲԴԽ-ն պարտավոր է նիստ հրավիրել: Եթե ԲԴԽ-ն չի ընդունում նախագահի առարկությունը, ապա ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան (ՍԴ), իսկ եթե չի դիմում ՍԴ, ապա թեկնածուին դատավոր նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում ոչ հրամանագիր է ստորագրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու վերաբերյալ, և ոչ էլ դիմել է ՍԴ, և Ժորա Չիչոյանը նախագահականում նախագահի ներկայությամբ երդվելու փոխարեն՝ երդվել ու դատավոր է դարձել ԲԴԽ-ում:

Նշենք, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի եղբորորդին է:

Տպել
Ամենաշատ