News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեք տասնամյակ շարունակ խաղաղության կոչեր են հնչում Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ քաղաքացիական ինստիտուտների կողմից։ Հայերն ու ադրբեջանցիները հանդիպել են չեզոք տարածքում՝ խոսելու խաղաղության մասին։ Այս մասին սեպտեմբերի 24-ին «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ, ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում շփման գոտում փոխհրաձգությունները շարունակվել են, զոհվել են զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Կառուցողական խաղաղ բանակցություններ, ըստ էության, չեն եղել։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Փորձագետը նշեց, որ հայկական կողմը միշտ կողմ է եղել մեր հասարակությունների միջեւ մարդասիրական շփումներին՝ փոխվստահության ամրապնդման նպատակով։ Հայերը չեն մասնատել գերի ընկած ադրբեջանցի զինվորներին։

«2021 թվականին ամերիկյան IRI կազմակերպության կատարած ուսումնասիրության մեջ Հայաստանի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը նշել է Թուրքիան (90 տոկոս) եւ Ադրբեջանը (77 տոկոս) որպես մեր երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք։ 

Ինչ վերաբերում է սահմանների ապաշրջափակմանը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի բացմանը, ապա մեր հասարակական կարծիքը նույնպես այնքան էլ լավատես չէ։ Այսպիսով, հարցվածների միայն 5 տոկոսն է կարծում, որ Ադրբեջանի հետ տրանսպորտային ճանապարհների բացումը կարող է լիովին դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ ճանապարհների բացմանը. միայն 6 տոկոոսն է լիովին դրական համարում։

Հարցվածների մեծամասնության (53-59 տոկոս) կարծիքով՝ ճանապարհների ապաշրջափակումը խիստ բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական զարգացման վրա։

56 տոկոսը վստահ է, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր բանակն ու զինված ուժերը՝ միաժամանակ ձգտելով խաղաղության։

Հայ բնակչությունը բոլորից լավ հասկանում է, որ նման հարեւանների դեպքում միայն հզոր բանակի առկայությունը կարող է անվտանգության ու խաղաղության հուսալի երաշխիք լինել։ Այս կարծիքը ամրապնդվում է նաեւ Ղարաբաղի խնդրի նկատմամբ բնակչության վերաբերմունքով։ Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ Արցախը պետք է անկախ լինի, 50 տոկոսը վստահ է, որ այն պետք է միացվի Հայաստանին, եւս 11 տոկոսը այն դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության կազմում։ Ամեն դեպքում, հայերի բացարձակ մեծամասնության (95 տոկոս) համար Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

2005 եւ 2006 թվականներին անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ըստ 1600 հարցվածների՝ Ադրբեջանում ամենամեծ խնդիրը Ղարաբաղի խնդիրն է (73 տոկոս), եւ միայն դրանից հետո՝ գործազրկությունը (36 տոկոս) եւ ցածր կենսամակարդակը (19 տոկոս)։ Բաքվի իշխանությունները շատ ագրեսիվ են տրամադրված Հայաստանի նկատմամբ»,-ասաց Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ