News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Միջազգային հեղինակավոր The Telegraph օրաթերթը հրապարակել է հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդիի հոդվածը։

Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«ԵՄ-ն դիմում է էներգիայի վստահելի մատակարարների: Ադրբեջանը դրանցից մեկն է»,- հուլիսին հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Երեքշաբթի օրվանից (սեպտեմբեր 13) ԵՄ «վստահելի գործընկերը»՝ ֆենոմենալ կոռումպացված ժառանգական բռնապետությունը Կովկասում, իր ժողովրդավարական հարևան Հայաստանի դեմ անողոք հարձակման ժամանակ սպանել է ավելի քան երկու հարյուր մարդու։ Կովկասում կոտորածը կարող է ապշեցուցիչ թվալ, քանի որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս երկու ղեկավարները երկու շաբաթ առաջ Բրյուսելում միմյանց ձեռք են սեղմել:

Սակայն զարմանալու այնքան քիչ բան կա կապված Ադրբեջանի հարձակման հետ՝ երկիր, որը դուրս է գալիս Ղարաբաղի վիճելի տարածքից և թիրախավորում հենց Հայաստանը։  Ոգեշնչվելով Բաքվից Եվրոպայի խորացող կախվածությունից և Ռուսաստանի թուլացած պետականությունից, որն անվտանգության պայմանագիր ունի Հայաստանի հետ և ավանդաբար խաղաղության շուրջ միջնորդ է տարածաշրջանում, Ադրբեջանը պահը կատարյալ է դիտարկում Հայաստանը լիարժեքորեն իրեն ենթարկեցնելու համար:

Արևմուտքն այսօր նույնքան շեղված է, որքան 2020 թվականի աշնանը, երբ «երկու ազգ, մեկ պետություն» քաղաքականությամբ իրար կապված Ադրբեջանն ու Թուրքիան կորոնավիրուսային համավարակի գագաթնակետին համատեղ ռազմական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ, որի ժամանակ կանոնավոր բանակի զինվորների կողքին տեղակայվել էին Անկարայի կողմից վճարվող սիրիացի վարձկանները:

Այդ պատերազմից հետո շրջելով տարածաշրջանով՝ անհնար էր չնկատել, որ Ադրբեջանի թշնամանքն աշխարհի հնագույն քրիստոնեական պետության՝ Հայաստանի դեմ, հիմնված էր ոչ միայն Ղարաբաղի շուրջ տարածքային տարաձայնությունների վրա, այլև՝ պայմանավորված էր շատ ավելի չարաբաստիկ գործոնով՝ հայերի նկատմամբ թյուրք ժողովուրդների գերակայության շովինիստական համոզմունքով: Դա պատմության շարունակությունն էր։ 1915 թվականի ապրիլին օսմանյան Թուրքիան մեկնարկեց հայ բնակչությանը բնաջնջելու մեթոդական արշավը։ Երկու միլիոնանոց հայ համայնքն այն ժամանակ ապրում էր թուրքական տիրապետության տակ։ Չորս տարի անց նրանից մնաց 200 000-ից քիչ մարդ: Մնացածները կա՛մ կոտորվեցին, կա՛մ հայտնվեցին մահվան ճամբարներում, կա՛մ սովից մահացան: Անթիվ-անհամար կանայք և երեխաներ ստիպված էին հրաժարվել իրենց հավատքից և ընդունել իրենց «տերերի» կրոնը: Հայկական սփյուռքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է, հետևանք է ցեղասպանության:

Իրականում, «Ցեղասպանություն» բառն ստեղծել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը՝ հայկական ողբերգությունը նկարագրելու համար։ Յուրաքանչյուր հայի սիրտ անմար վշտի ու կորստի շտեմարան է ( ի հեճուկս շարունակվող ամոթի՝ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից):

Այդ տևական ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց նույն մարդասպան ցասումը նորից վեր է բարձրանում հայերի դեմ, մի ժողովուրդ, որն անցել է մահվան, ունեզրկման և տեղահանության սարսափելի հիշողության միջով: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մատներով «գորշ գայլերի» նշանը ցույց տալով՝ հեգնեց հայերին, որոնք սգում էին իրենց ողբերգական անցյալը, ժեստ, որը հնարվել է չզղջացող թուրք ծայրահեղ ազգայնականների կողմից: Հայոց ցեղասպանությունն ակնհայտորեն ցնծության և գոհունակության աղբյուր է Թուրքիայի և Կովկասում նրա հաճախորդի համար:

Կովկասում շրջանառվող հարյուրավոր սպանություններից մեկի սարսափը, որը ես տեսա Ղարաբաղից փախստականի հեռախոսի մեջ, շարունակում է հետապնդել ինձ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները դանակով գլխատում տարեց մի հայի, ապա նրա գլուխը դնում խոզի դիակի վրա: Այդ սարսափը՝ գլխատում, խոզ, պարուրված է կրոնական սիմվոլիզմով:

Human Rights Watch-ն ունի ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի խոշտանգումների բազմաթիվ ստուգված տեսանյութեր: Նոր սարսափներ են ավելանում հներին: Տարածաշրջանում այժմ շրջանառվում է ադրբեջանցիների կողմից նկարահանած մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը ծաղրում է մահացածներին, ցույց է տալիս հայ կին զինվորի խեղված դիակը՝ մերկացված, անդամահատված, աչքերը հանված են և փոխարենը քարեր են, կիսով չափ գլխատված է:

Որպեսզի որևէ մեկը չկասկածի իր մտադրությանը, Ադրբեջանը զգալի աշխատանք է տանում՝ ոչնչացնելու Հայաստանի հնագույն կրոնական ժառանգությունն այն տարածքներում, որոնք գրավել է: Ցանկացած այլ համատեքստում մարդասպան այս իմպերիալիզմը մենք կկոչեինք հենց իր իսկ անունով։ Սակայն այս համատեքստում մենք օգտագործում ենք մի քաղաքավարի մեղմասացություն: Իմպերիալիզմը պարզ իմպերիալիզմ է միայն այն ժամանակ, երբ դա եվրոպացիների կողմից է, բայց երբ թուրքերն են դա անում, այն դառնում է մշակութային փոխանակման ծրագիր:

Դժվար է արդարացում գտնել Ադրբեջանի հետ Եվրոպայի խղճուկ գործարքին: Ալիևի հետ գրկախառնությունը ոչ միայն Ադրբեջանին խրախուսում է հետամուտ լինել իր ծավալապաշտական նկրտումներին, այլև ժխտում է Արևմուտքի՝ այդքան շատ գովազդվող «արժեքները»:

Ցանկացած մեղք, որը կարելի է վերագրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, կարելի է վերագրել նաև Ալիևի Ադրբեջանին։ Ադրբեջանի իշխող դինաստիայի կուտակված հարստության դիմաց ռուս օլիգարխները համեստ են. OCCRP ՀԿ-ի գնահատմամբ՝ միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցվածքի կայսրությունը կազմում է մոտ 700 միլիոն դոլար: Ալիևի Ադրբեջանը նաև քաղաքականապես ավելի ռեպրեսիվ է, քան՝ Պուտինի Ռուսաստանը: Freedom House-ի քաղաքացիական և քաղաքական ազատությունների ինդեքսով Ադրբեջանը Ռուսաստանից հետ է տասը տեղով: Իսկ վարչակարգի կողմից պաշտպանված ռազմատենչ ազգայնականությունը՝ թաթախված հայերի նկատմամբ էթնիկ ատելությամբ, հնարավորություն է տալիս նրա ռուս գործընկերոջը մեղմ երևալ համեմատության մեջ: Ալիևը ժամանակին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թանգարան էր բացել, որտեղ գլխավոր ցուցանմուշներն ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների սաղավարտներն էին։

Ադրբեջանը, որը զինվում և վերահսկվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, այժմ իր ճանապարհն է հարթում դեպի Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի հարևան ամենաանհավանական ժողովրդավարություններից մեկը ոչ միայն պարզապես հարձակման է ենթարկվում, այլև նրան ստիպում են գնալ ինքնաոչնչացման։ Այս ամենի մեջ զավեշտականն այն է, որ Եվրոպան շատ բան չի շահելու Ադրբեջանի հետ առևտրային գործընկերությունից։ Բաքուն, որն իր հերթին, կախված է Իրանից և Թուրքմենստանից բնական գազի ներկրումից, դժվարությամբ է բավարարում ներքին էներգիայի պահանջները: Բացի այդ, ադրբեջանական գազի հանքավայրը, որը, ենթադրվում է, պետք է լինի դեպի Եվրոպա ապագա մատակարարումների աղբյուրը, մասամբ պատկանում է ռուսական «Լուկօյլ»-ին։ Վճարելով Ադրբեջանին՝ Եվրոպան անուղղակիորեն հարստացնում է Ռուսաստանին: Եվրոպան ստեղծում է Ռուսաստանից էներգետիկ անկախության պատրանք, իսկ նրա ինքնախաբեության գինը հայերն են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր
Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի…
Ադրբեջանի շարունակական ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյան
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը...
«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին
Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում...
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին
Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս...
Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանում Բաքվին դատապարտող և ՀՀ-ից զորքերը դուրս բերելու բանաձև են նախաձեռնել
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի…
ՀՀ ՄԻՊ-ը Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների և անհետ կորածների ընտանիքների խնդիրները
Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված…
Ամենաշատ