News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիրների մեծ մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից ստացվի ազատվել, հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից, սակայն սա միամտություն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրի: Նախ՝ նրանք չեն ապացուցել, որ կարող են ավելի լավը լինել: Չեն կարող, որովհետեւ ինֆորմացիայի չեն տիրապետում, ես նույնպես չեմ տիրապետում: Իմ կարծիքով՝ բոլոր լուծումներն էլ վատն են լինելու մեզ համար: Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիիչ ցավոտ լուծում, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է»,– ասաց նա:

Առաջին նախագահն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ ինչ փաստաթուղթ էլ ստորագրի ասելու են՝ դավաճան, թուրք:

«Ես չեմ ուզում դավադրապաշտական տիրույթ մտնել, թե ինչ են հետապնդում: Իմ կարծիքով՝ մենք [նկատի ունի Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներն ու Վեհափառը – խմբ․] Փաշինյանին ձեռք ենք մեկնում, եթե ընտրենք ամենաքիչ ցավոտ տարբերակը: Մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում, ինչին ես պատրաստ եմ: Նման բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում՝ մի կողմ դնելով կուսակցական եւ կարիերիստական շահերը: Շատ մարդիկ կան, որ իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեցին, իրենք են նախագահ դառնալու: Հայտնի դեմքերից զատ ամեն օր մեկը փողոցում տրիբունա է տեղադրում ու երեւակայում Հայաստանի հաջորդ ղեկավար»,– ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ երկու բան, ինչ ուզում են Հայաստանի, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ միջանցք տալ, առաջին նախագահն ասաց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել: «Դրա մասին այնքան են խոսել: Չգիտեմ՝ կհաջողվի թե ոչ: Դատարկ խոսակցություններ են»,– ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանը դատապարտված է այդ փաստաթղթերը ստորագրելու, Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց, որ աշխարհում չկա երկու հարեւան պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն:

«Մեզնից առավել հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել: Այո՛, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել: Կարող է նյուանսներ լինել, Ռուսաստանի առաջարկն այլ կերպ լինի, Ամերիկայինը՝ այլ, վերջին հաշվով մեկն է հաղթելու: Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան, հակառակորդների ագրեսիան, մեր իշխանությունների սխալները: Համարում եք՝ ես էլ եմ հազար ու մի սխալ գործել, այո՛, բայց ոչ այս ուղղությամբ: Հակառակը՝ ես առաջինն էի, որ ասում էի միակ ճանապարհը սա »,– ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ իրեն մեղադրում են նրանում, որ մինչեւ վերջ չտարավ գործընթացը, Տեր–Պետրոսյանն ասաց․

«Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա: Այս սրահում մենք հանդիպել էինք, ես բացատրել էի՝ եթե ես այլ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր լինելու: Մի տարր կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր միսիան չկատարեց՝ մեր մտավորականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ