News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը (MONDIACULT 2022)։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:

Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է գալու «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում: Նախատեսված են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության և օտարերկրյա պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու մշակույթի և կրթության ոլորտներում, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, փոխհամագործակցության ծրագրային ուղղությունները, իրագործման ընթացքն ու հետագա քայլերը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես։ Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։

Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը կարող է խթանել օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև սերտացնել համագործակցությունը Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ՝ ձեռք բերելով նոր պայմանավորվածություններ և մշակելով համատեղ ծրագրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) ընթացքում կընդունվի հռչակագիր:

Տպել
Ամենաշատ