News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ, կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Իրանի միջոցով ժամանակ սառեցնել եւ բանակի մարտունակությունը վերականգնել։

«Ո՞րն է ամենից թույլ տեղը Հայաստանի՝ կարծում եմ՝ Սյունիքն է, սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններն են արտահայտվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ դա արվում է բացահայտ։ Կոնկրետ հարց՝ բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարեւոր՝ Իրանը։ Սա դժվա՞ր էր կռահել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը բացի հայտարարություններից եւ հորդորներից կարող է քայլեր դիմել՝ զուտ շահերի համադրությամբ, Իրանն է։ Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեին Իրանի հետ Սյունիքում, որոշ իրավապայմանագրային բազա պետք է լիներ, եւ դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը։ Ես գիտեմ, որ նման խոսակցություն Իրանի հետ եղել է՝ 2021թ․ մայիսին, բայց հետո հայկական կողմն այդ թեման ուղղակի սառեցրեց, եւ շարունակելու համար որեւէ քայլ չարեց։ Առաջարկն էլ, ի դեպ, մերը չի եղել։

Մենք արդեն երկու տարի կորցրել ենք։ Հիմա էլ չանենք, էլի ասենք՝ վիճակը լավ չէ, մեկ տարի հետո ասելու ենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Սա այն քայլն է, որը միեւնույն է, պետք է անես։ Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, որ նման բանակցություններ եղել են։ Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգեւոր առաջնորդից, նախագահից եւ բարձրաստիճան զինվորականներից։ Կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Չլսել, չհասկանալ ինչի մասին է խոսքը հնարավոր չէ։ Ինչո՞ւ դա չարվեց երկու տարի առաջ, մեկ տարի առաջ։ Դա պետք է արվեր գոնե 2021 թվականի գարնանը։ Ժամանակ ունեցել ենք։ Հիմա պետք է անենք, որ երկու տարի հետո չասենք՝ ժամանակ ունե՞նք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ