News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը գտնվում է խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում նաև ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավարությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Բաքվի ու Անկարայի դերը այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, լծակները՝ ազդելու Բաքվի ու Անկարայի վրա ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից: Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը գոնե սեփական ուժերի շրջանակում, կարծում եմ՝ դա հանցավոր անգործություն է»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ «Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում դա նշանակում էր, որ նման սպասելիքներ չկան։ Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ,  դրված այլ հիմքերի վրա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից կա պարտադրանք՝ որոշում կայացնելու, մյուս կողմից կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել։ Մի գուցե սա է այդ գործոնը, որը կիսակախ վիճակում է թողել սպասվելիք որոշումները։ Այս ամենը օրինաչափ հետևանք է այն քաղաքականությանը, որը տարվել է Հայաստանում 2018 թվականից և հատկապես 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո։

Մեր դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է։ Եթե լինենք կոպիտ, ապա հասցրել ենք պլենտուսի մակարդակի։ Մենք բանակցություններ սեղանի վրա ենք, այլ ոչ թե  այդ սեղանի շուրջ։ Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը դարձնել մուրացկանության մակարդակի»,-հայտարարեց երկրորդ նախագահը:

Տպել
Ամենաշատ