News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-չեխական տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Չեխ-միջինասիական  առևտրի պալատի նախագահ Իրժի Նեստավալի՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Պալատից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱԳՄ նախագահը, ծանոթացնելով Միության գործունեության ուղղություններին, հյուրին ներկայացրեց Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, օրենսդրական դաշտը, ներդրումային հնարավորությունները։ «Չեխիայի հետ ժամանակին ունեցել ենք ակտիվ առևտրատնտեսական կապեր, կազմակերպվել են համատեղ գործարար համաժողովներ։ Թեև ստեղծված նոր իրողությունները որոշակի բարդություններ են առաջ բերել, սակայն մենք՝ գործարարներս, ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնենք աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար»,-նշեց Արսեն Ղազարյանը։ Նրա գնահատմամբ՝ կան լավ հնարավորություններ հայ-չեխական առևտրատնտեսական կապերին հետագա աշխուժացում հաղորդելու համար։ 

Շնորհակալություն հայնելով ջերմ ընդունելության համար՝ Իրժի Նեստավալը նշեց, որ  Հայաստան իր այցի նպատակն է ծանոթանալ տեղում առկա գործարար և տնտեսական իրավիճակին, ստեղծել իրական նախագծեր՝ կապված եվրոպական ու հայկական ընկերությունների արտադրանքի ներմուծման ու արտահանման, հայ-չեխական միջազգային առևտրի կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքների համար։ Ի դեպ, նման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր օրերս կնքվել է Չեխ-միջինասիական  առևտրի պալատի և «Սոգլասիե-Արմենիա» ընկերության միջև։ Վերջինիս գործադիր տնօրեն Ավետ Ադոնցը հանդիպման մասնակից գործարարներին ներկայացրեց առաջիկայում ստեղծվելիք կենտրոնի գործունեության նպատակներն ու առաջնահերթությունները, հույս հայտնելով, որ ՀԱԳՄ-ի հետ սերտ համագործակցություն կհաստատվի։

Կողմերն անդրադարձան այն բնագավառներին, որոնցում փոխգործակցության հեռանկարներ կան, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, գինեգործության, բեռնափոխադրումների, թեթև և սննդի արդյունաբերությունների, առևտրի ոլորտներում, քննարկվեցին համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։   

Տպել
Ամենաշատ