News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը նախազգուշացրել է, որ կարող են տարիներ պահանջվել, որպեսզի էներգառեսուրսների համաշխարհային արտադրությունը դիվերսիֆիկացվի Ռուսաստանից, ինչը կերկարացնի ստագֆլյացիայի կամ ցածր աճի ու բարձր գնաճի ռիսկը, տեղեկացրել է AP-ը։

Սթենֆորդի համալսարանում ունեցած իր ելույթում Մալփասն ասել է, որ ռեցեսիայի հավանականությունը Եվրոպայում աճում է, այն դեպքում, երբ Չինաստանի աճը կտրուկ դանդաղում է, իսկ արտադրության ծավալն ԱՄՆ-ում կրճատվել է տարվա առաջին կեսին։ Այս իրադարձությունները լուրջ հետեւանքներ կունենան զարգացող երկրների համար, նշել է նա, վկայակոչելով այն, ինչը նա անվանել է «հետեւանքային» եւ «խորացող» խնդիրներ զարգացման համար։

Նրա խոսքով՝ տոկոսադրույքների բարձրացման, բարձր գնաճի եւ աճի դանդաղման  ներկա «իդեալական փոթորկի» հաղթահարումը պահանջում է նոր մակրո- եւ միկրոտնտեսական մոտեցումներ, ներառյալ ավելի նպատակաուղղված ծախսերը եւ մատակարարումների ավելացման հստակ նշված ջանքերը։

ՀԲ-ի հաշվետվությունը, որը պետք է հրապարակվի հաջորդ շաբաթ, ցույց է տվել գլոբալ միջին եկամուտի 4 տոկոսանոց նվազում, առաջին նվազումն այն ժամանակվանից, երբ բանկն սկսել է չափել այս ցուցանիշը 1990թ., ասել է Մալփասը։

«Զարգացող աշխարհի համար վտանգն այն է, որ գլոբալ աճի կտրուկ նվազումը կվերաճի գլոբալ ռեցեսիայի»,- ասել է նա՝ նշելով, որ այդ երկրներից շատերը դեռեւս կվերադառնան բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտի մինչհամավարակային մակարդակին։

Համաշխարհային բանկի նախագահը նշել է, որ պարզ չէ, թե արդյոք բավականաչափ գլոբալ կապիտալ կլինի զարգացած տնտեսություն ունեցող երկրների պահանջարկը բավարարելու համար, որոնք ընդունել են հարկաբյուջետային քաղաքականություն, որը նպաստում է պարտքի ավելի բարձր մակարդակին։

Նա երկրներին կոչ է արել փնտրել գնաճի նվազման միջոցներ՝ տոկոսադրույքների համաժամանակյա բարձրացման կողքին, այդ թվում ի հաշիվ բյուջետային արդյունավետության բարձրացման, որպեսզի ավելի շատ ծախսեր ուղղվեն բնակչության աղքատ եւ խոցելի շերտերին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շտապ ավելացնել կրթության, առողջապահության եւ կլիմայի փոփոխությանն ադապտացվելու ֆինանսավորումը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել պարտքի շշմեցնող մակարդակն իջեցնելու ուղղությամբ, որի բեռն ընկնում է զարգացող շատ երկրների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ