News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր ողբերգությունը, մեր դժբախտությունը նրանում է, որ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն պատգամավոր է, այլ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որով վերջինս սխալ էր մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 28-ի մամուլի ասուլի ժամանակ արած հայտարարությունը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ եթե երկիրը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը նրան անվտանգության երաշխիքներ, հումանիտար միջանցք տալն է, ապա դա պետք է տալ։ Անդրանիկ Քոչարյանն այսօր «հումանիտար միջանցքը» մեկնաբանել էր որպես «Զանգեզուրի միջանցք»։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ փաստորեն պատերազմական վիճակում գտնվող երկրի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը մի մարդ է, որը պարզ ստորադասական նախադասությունը չի հասկանում։ «Կա՛մ չի հասկանում, կա՛մ էլ մոլորեցնում է։ Գնահատականները թողնում եմ մեր հեռուստադիտողին, այլ որակումներ չեմ ուզում տալ։ Երեկ ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե մեր երկիրը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը այն է, որ պետք է իրեն տալ հումանիտար միջանցք, ապա այդ հումանիտար միջանցքը միանշանակ պետք է տալ Նիկոլ Փաշինյանին՝ փրկելու համար մեր երկիրը։ Հիմա, եթե Անդրանիկ Քոչարյանը, նորից եմ կրկնում,  պատերազմի մեջ գտնվող երկրի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը «հումանիտար միջանցք» և «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները չի տարբերում, դա խոսում է մեր երկրի ողբերգական վիճակի մասին»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այս իշխանությունները այդ նույն մանիպուլյացիայի սկզբունքով կառավարում են երկիրը։ «Տարբեր տեղեր խոստումներ են տալիս, Բրյուսելում մի բան են խոստանում փաստորեն, Մոսկվայում մի բան են խոստանում, հետո մի տեղ խոստացածը այլ կերպ են մեկնաբանում, այլ տեղ խոստացածը այլ կերպ են մանիպուլյացնում ու դրանք արժենում են մեր տղաների կյանքերը։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ և հստակ է»,– ասաց նա։

Ագնեսա Խամոյանը նաև նշեց, թե Անդրանիկ Քոչարյանի խոսքերից իր մոտ տպավորություն է առաջացել, որ նա դեմ է Փաշինյանին հումանիտար միջանցք տալուն։ «Սա կարծում եմ՝ խորհելու առիթ պետք է տա Նիկոլ Փաշինյանին կամ Անդրանիկ Քոչարյանն այնքան լավ է հասկանում, որ փաստորեն այդ հումանիտար միջանցքի մեջ ինքը և իր որոշ գործընկերներ չեն տեղավորվելու, որ հիմա փորձում է կտրել նաև Նիկոլ Փաշինյանին տրվելիք այդ հումանիտար միջանցքը»,–ասաց նա։

Տպել
Ամենաշատ