News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում հետընտրական բուռն զարգացումներ են։ Երեկ՝ սեպտեմբերի 29–ին, ձերբակալվել է ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։

«Զորավոր համայնք» դաշինքի  անդամների նկատմամբ քրեական  հետապնդումները սկսել էին դեռ ընտրություններից առաջ, երբ ձերբակալվել, ապա կալանավորվել էին Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով։

NEWS.am-ի հետ զրույցում Բերդ համայնքի Նավուր բնակավայրի վարչական ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի շտաբի պետ Արամ Նիգոյանն ասաց, որ Սամվել  Հովսեփյանը ձերբակալվել է նույն հարուցված վարույթի շրջանակում։

«Սա քաղաքական հետապնդում է, Բերդում փորձում են կաթվածահար անել  տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքը։ Շուրջ 11 ամիս կալանավորված է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, մի քանի օր առաջ կալանավորվեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, միակ մարդը, որը կարող էր համակարգել համայնքապետարանի աշխատանքը՝ դա համայնքապետի  ժամանակավոր պաշտոնակատարն էր, որին նույնպես ձերբակալեցին։ Այսօր դատարանը քննելու է Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը»,– ասաց Արամ Նիգոյանը։

Նավուրի վարչական ղեկավարի խոսքով՝ հին ավագանին այսօր արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Քննարկելու են  Բերդ համայնքում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու վերաբերյալ հարցերը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը  եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Արամ Նիգոյանի խոսքով՝ քրեական վարույթը հարուցվել է «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ցուցմունքի հիման վրա։

«Յուրաքանչյուր պահի մեր երկրում կարող է սրվել վիճակը եւ կարիք լինի աշխարհազոր ստեղծելու, բայց հիմա համայնքապետարանի աշխատանքը կոլապսի է մատնված։ Ես միշտ եղել եմ ընդդիմադիր, ԱԻՄ անդամ եմ, ոչ մի անգամ  նման բան չեմ տեսել, որ հետապնդեն, էդքան հներից բողոքում էինք, բայց ո՞վ էր էսպիսի բան տեսել։ Թեկնածություն դրել ենք, ընտրվել ենք, համակերպվել են դրա հետ, աշխատող մարդկանց գնահատել  են, բայց սրանք չգիտեմ՝ ինչ են մտածում, պատերազմական վիճակում փոխարենը սահմանի ժողովրդին համախմբեն, սեպ են խրում ժողովրդի մեջ»,– նշեց Արամ Նիգոյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում, շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետի՝ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը» հաղթել է իշխող ուժին։ 16 գյուղ եւ մեկ քաղաք ընդգրկող խոշորացված Բերդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» միայն 4 գյուղում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին։ Մյուս՝ 11 գյուղերում եւ Բերք քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ