News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորվեգիան օգնություն կստանա Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից՝ «Հյուսիսային հոսք»-ի վնասումից հետո անվտանգությունն ուժեղացնելու համար, ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, հաղորդում է Reuters-ը:

Նորվեգիան Եվրոպա գազի ամենամեծ մատակարարն է եւ նավթի համաշխարհային առաջատար մատակարարներից մեկը, ունի ավելի քան նավթի եւ գազի 90 հանքավայրեր, որոնց մեծ մասը միացված է մոտ 9000 կմ գազատարների ցանցով։

«Մենք երկխոսություն ենք վարում մեր դաշնակիցների հետ՝ նորվեգական հատվածում մեր ներկայությունը մեծացնելու շուրջ, եւ արդեն «այո» ենք ասել Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ներդրմանը», - ասել է Ստյորեն մամուլի ասուլիսում։

Նորվեգիան նաեւ տեղակայում է իր ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը նավթի եւ գազի ոլորտների անվտանգության ամրապնդման համար՝ այն կասկածների ֆոնին, որ ռուսական խողովակաշարերի չորս արտահոսքի պատճառը սաբոտաժն է, ասել է Նորվեգիայի վարչապետը:

Նա կրկնել է, որ Նորվեգիայի կամ նորվեգական ենթակառուցվածքի համար ուղղակի սպառնալիքների ոչ մի նշան չկա:

Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք է տեղի ունեցել։ Դա կատարվել է Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաեւ Բորնհոլմից հյուսիս-արեւելք գտնվող «Հյուսիսային հոսք 1»-ի երկու գծերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ