News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Եթե գործողություն ասելով նկատի ունենք անվտանգությունը, ապա իմ համոզմունքը մնացել է անփոփոխ, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե միջազգային հանրությունն արդեն հասցեական գնահատականներ է տալիս Ադրբեջանի գործողություններին, սակայն ինչ գործուն քայլեր է անում Հայաստանը, որպեսզի այդ գնահատականները դառնան գործողություններ։

«Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել։ Եվ հետևաբար մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը։ Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պիտի պաշտպանվի, այդ թվում՝ մեր բանակի ջանքերով, մեր դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է»,– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ իրենք փորձում են այնպես անել, որ Հայաստանի դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար և իրավիճակի մասին միջազգային հանրությունը հնարավորինս օբյեկտիվ տեղեկություններ ստանա։

Հարցին, որ գործողություններ ասելով կարող ենք նկատի ունենալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, զենքի վաճառք, սահմանին մշտադիտարկման իրականացում, ինչպես ՄԱԿ–ում առաջարկել էր վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դրանք տարբեր հարցեր են։ Պիտի ասեմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք»։

Լրագրողը նշեց, որ 2020-ից հետո վարչապետը մշտադիտարկման մասին խոսելիս միշտ նշել է Ռուսաստանի առաքելության, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության մասին, մինչդեռ վերջերս վարչապետը ՄԱԿ–ում խոսեց միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին։ Հարցին, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը և եթե միջազգային դիտորդների առաքելությունը եկավ Հայաստան (տեղեկություն կա նաև, որ Ֆրանսիան նույնպես հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի Հայաստան), ապա որն է դրա վերջնանպատակը, վարչապետը պարզաբանեց, որ առաքելությունը, որի մասին Ֆրանսիան է հայտարարել, խոսքն այստեղ Պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը։

«Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, նկատի ունենք կամ երկարաժամկետ, կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ։ Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում, որ ես խախտեցի զինադադարը։ Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ–որ սադրանք է եղել և այլն։ Բնականաբար մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա արդեն շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ լրագրողի նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են։ Վարչապետը նշեց, որ «ոչ մեկի առաջ դուռը չենք փակում»։ «Բայց կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են նման դերակատարում ունենալ։ Օրինակ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այլն։ Նկատի ունեմ՝ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք երբեք չենք բացառել, օրինակ, որ ԵԱՀԿ առաքելություն կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ