News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության անդամների մի մասն ամբողջությամբ տեղյակ է բանակցային պրոցեսին, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հանդիպել նախկին ղեկավարների հետ եւ ներկայացնել բանակցային մանրամասները:

Փաշինյանը թյուրիմացություն  համարեց տեսակետը, թե բանակցային գործընթացի մասին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ։

«Բանակցային գործընթացի մասին անգամ տառերի մակարդակով տեղյակ են բավական լայն շրջանակի մարդիկ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդը՝ եւս։ Ավելին ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են։ Լեռնային Ղարաբաղի նախագահը որեւէ  բանակցությունում իմ արտասանած եւ լսած որեւէ նախադասությունից անտեղյակ չէ։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված խորհրդակցության անդամների մի մասն այս բերումով ամբողջությամբ տեղյակ է բանակցային պրոցեսին, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է։

«Նշված անձանցից առնվազն երկուսը վստահաբար ամեն ինչից տեղյակ են։ Ես միշտ էլ պատրաստակամություն հայտնել եմ, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ըստ էության, երկու խմբակցությունների լիդերներն են եւ ըստ էության, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուժը նույնպես հրաժարվել է։ Ժամանակին ՀԱԿ-ին եւս հրավեր է եղել մասնակցելու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, սակայն հրաժարվել են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակ եւս պարբերաբար տեղյակ է պահվում քննարկումների մասին։ Ըստ նրա՝ եթե հարցերի բոլոր մանրամասները ներկայացվում են ահա այսպիսի լայն շրջանակների, ուրեմն՝ ինքը պատրաստ է շատ ուղիղ եւ բաց տեքստով ներկայացնել նաեւ ժողովրդին, բայց չի անում, որովհետեւ դիվանագիտական էթիկան թույլ չի տալիս դռնփակ ֆորմատի մանրամասները ներկայացնել։

«Իշխանությունը, կառավարությունը եւ ես պատրաստ եմ վերցնել եւ կրել պատասխանատվություն։ Պատասխանատվությունից մենք չենք խուսափել եւ չենք խուսափելու։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, կարող են նպաստել, տեղեկատվությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով: Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրանց պետք է օգնել, ապա ես կարող եմ ասել, որ իշխանությունը եւ անձամբ ես գիտակցում եմ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք վերցրել ենք մեր ժողովրդից»,- նշեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ