News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեր գործընկերների տեսակետից խիզախություն է համարվում, որ մենք այսքան կորուստների միջով անցնելուց հետո խոսում ենք խաղաղության դարաշրջան բացելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու մասին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հունաստանի վարչապետը ողջունել էր ՀՀ վարչապետի խիզախությունը, որ առաջարկում է նոր մոտեցում տարածաշրջանի ապագային:

Հարցին, թե ի՞նչ առաջարկի մասին է խոսքը, Փաշինյանն ասաց. «Նրանք տեսնում են, որ ամեն մի այդպիսի շեշտադրում էմոցիոնալ ու ոչ էմոցիոնալ քննադատությունների է արժանանում ու ի հեճուկս այդ քննադատությունների, մենք գնում ենք այդ օրակարգով:

Մենք կարծում ենք, որ պետք է խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ սկսել առարկայական բանակցություններ: Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել: ԱԳ նախարարը հոկտեմբերի 2-ին մեկնելու է եւ առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ:

Այս օրերին շատ է քննարկվում՝ վայ ստորագրեց, վայ, ստորագրելու է, վայ, չի ստորագրի: Տպավորություն է ստեղծվում, որ ստորագրման համար նախապատրաստված թուղթ կա սեղանին եւ հիմա խնդիրն այն է՝ ստորագրում ենք, թե ոչ: Եթե այդպես լիներ, շատ լավ կլիներ: Խնդիրն այն է, որ այս պահին սեղանին ոչ մի ստորագրման փաստաթուղթ չկա: Եթե լիներ, կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ ստորագրենք, թե ոչ:

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա, ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մինչ այս պահը չի եղել սեղանին դրված որեւէ տեքստ:

Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել մի քանի տարբերակ: Բնականաբար, մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել; Ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք փորձում ենք մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որ նաեւ ընդունելի կլինի դիմացինի կողմից: Եթե սեղանին խաղաղության փաստաթուղթ լինի, կնշանակի շատ մոտ ենք խաղաղությանը»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Փորձեմ հնարավորնս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը, որովհետեւ նույն զիջել-չզիջելը շատ հարաբերական են: Ես ասում եմ, որ Հայաստանը 29 800 քառակուսի կմ է, որովհետեւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն այդքան է: Այս արձանագրումից հետո ինչո՞ւ որեւէ մեկը պետք է ինձ անվանի դավաճան եւ ո՞վ է այդ որեւէ մեկը: Նա, ով համարում է, որ Հայաստանի տարածքը 300 000 քառակուսի կմ է, եւ մենք պետք է որեւէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000-ին: Այստեղ կան նաեւ այդպես մտածող մարդիկ: Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է ծովից ծով Հայաստանի գաղափարից, հետեւաբար, դա դավաճանություն է: Բայց մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Մենք ասում ենք, որ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991-ի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա մի բաղադրիչն է խաղաղության պայմանագրի:

Կարող է հարց հնչել՝ բա եթե այդպես է, կարող էինք ավելի շուտ կնքել: Բայց մինչեւ հիմա Ադրբեջանի արձագանքը չկա, որ այո, համաձայն ենք, որ այդ հենքի վրա ստորագրենք խաղաղության համաձայնագիր: Եթե աշխատանքային մակարդակում Ադրբեջանի կողմից հստակ արձանագրվեր այս փաստը, այդ պարագայում շատ մեծ էր հավանականությունը, որ այս պահին խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ»:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հետ, արդյոք դրանով մենք այն ճանաչում ենք Ադրբեջանի կազմո՞ւմ, Փաշինյանը պատասխանեց. «Կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից: Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրում Արցախի հարցին անդրադարձ կարող է եւ չլինել: Մենք կարծում ենք նաեւ, որ այո՛, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով: Մեր կարծիքը 2018-ին էլ եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ԼՂ հարցով հիմնական բանակցողն ու շահառուն, եւ մենք շարունակում ենք այդպես մտածել»:

Փաշինյանի խոսքով՝ սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց դելիմիտացիան շատ արագ կարելի է իրականացնել, որովհետեւ սահմանները հայտնի են. «Դրանից հետո մեր պատկերացրած հաջորդ բաղադրիչը հետեւյալն է, որ պետք է սահմանից զորքերի հետքաշում տեղի ունենա, գումարած սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ պետք է գործի եւ հաջորդը, միջազգային մոնիտորինգային դիտորդական որոշակի մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի միջազգային երաշխավորությունը սահմանային անվտանգության իրավիճակին»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է նրան, որ Արցախ-Ադրբեջան գործընթացն առանձնացվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, վարչապետն ասաց. «Մենք Արցախի նախագահի հետ անընդհատ կապի մեջ ենք, մենք շատ ենք քննարկել ու վերլուծել եւ եկել եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է: Անընդհատ, հենց մի բանակցություն է սկսվում, Արցախում լարվածություն է առաջանում, թե կարո՞ղ է մեր թիկունքի հետեւում ինչ-որ գործարք է տեղի ունենում, չնայած մենք միշտ ասել ենք, որ երբեք Արցախի թիկունքի հետեւում բան չենք անում:

Կա նաեւ ուրիշ բան, Ադրբեջանը երբեմն ասում է՝ մենք չենք ուզում Հայաստանի Ղարաբաղի հարցը քննարկել: Մենք էլ ասում ենք՝ շատը լավ, եթե կա այդ լարվածությունը մեզ համար, ուրեմն քննարկեք Ղարաբաղի հետ: Կարծես թե ԼՂ-ի համար այս մոտեցումը կարող է լինել ընկալելի:

Այս պահին ես պաշտոնապես արձանագրում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկու օրից ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Բանակցությունների ու շփումների ընթացքում դա կարող է ինչ-որ տեսք ստանալ, որը կարող է մեզ համար լինել ընդունելի: Եթե մեզ համար լինի ընդունելի, մենք կստորագրենք»:

Հարցին, թե Ադրբեջանից ի՞նչ մեսիջներ ենք ստանում, իրենք համաձա՞յն են մեզ հետ առանձին բանակցել, Արցախի հետ՝ առանձին, վարչապետն արձագանքեց. «Ես բանակցությունների կոնֆիդենցիալ հատվածին չէի ուզենա անդրադառնալ, հընթացս կտեսնենք: Կան նրբություններ, ձեւակերպումներ կետեր, որոնք Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի: Մեր խնդիրն է այնպես անել, որ մեկնաբանությունները լինեն նույնական: Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ