Մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք, Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի նախագահի հետ, մենք շատ երկար զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում Իրանը անընդհատ հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից եւ պետք է Իրանի հետ սերտացնել հարաբերությունները:
«Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ, հեռախոսազրույցներ: Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում եւ փորձում ենք այդ ուղղությամբ առավել գործնական քայլեր իրականացնել»,-ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Հնդկաստանից զենք ենք գնում, Փաշինյանը պատասխանեց. «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պետք է ասեմ, որ այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, Հայաստանի կողմից չեն հերքվել: Որեւէ լրացուցիչ բան չեմ ուզենա ասել։ Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա հեշտ գործ չէ»:
Նա անդրադարձավ նաեւ նախկին իշխանությունների կողմից սպառազինության ձեռքբերմանը՝ նշելով. «Ես կուզեի, որ մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ: 1960-ականների, 1980-ականների զենքերի ներկրումը ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ պետք չի շփոթել»: