News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը, Եվրոպական միությունն ու ԱՄՆ–ն յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների, Արցախի խնդրի կարգավորման մասին, սակայն չի կարելի ասել, թե նրանցի յուրաքանչյուր ունի սեփական փաթեթը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին թե արդյոք հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը իրենց փաթեթն ունեն, յուրաքանչյուրը սեփական առաջարկն ունի։

«Չի կարելի ասել, որ յուրաքանչյուրը սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը, իհարկե, որոշակի պատկերացում ունի։ Եվ եթե պարտավորություն է դրված ինձ վրա մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, և Ձեր հարցին ի պատասխան ես պարտավոր եմ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ հետևյալը, որը նորություն չէ, գուցե շատ ավելի շուտ անեի այդ արձանագրումը, նույնիսկ պատերազմից առաջ։ Ձեր նշած միջազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Այսինքն՝ նրանք, ըստ էության, նաև գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն կամ գուցե երբեմն շատ ուղիղ ասել են դրա մասին։ Եվ մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք և այս փաստի առերեսմամբ է, որ պետք է ․․․ այսինքն՝ այս փաստի հետ պետք է առերեսվենք։ Էնտեղ, իհարկե տարբերություններ կան մոտեցումների»,– ասաց նա՝ հավելելով, որ սրա մասին խոսում է, այն պատճառով, որ հանրության հետ պետք է խոսի ճշմարտության լեզվով։

Հարցին, թե արդյոք այդ պետությունները պատրաստ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, արդյոք դա է իրենց առաջարկը, վարչապետը պատասխանեց․ «Այդ երկրների մեջ եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Եղել են այդ հայտարարությունները, հրապարակային են եղել։ Դա նորությո՞ւն է»։

Ճշտող հարցին, թե ինչպիսին են նրանց առաջարկները խաղաղության պայմանագրի մասով, այսինքն՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների լուծումների մասով առաջարկները, վարչապետը պատասխանեց․ «Գիտեք, խաղաղության պայմանագրի մասով, ըստ էության ․․․ ցանկացած երկու երկրի միջև խաղաղության պայմանագիր ունի մի քանի անկյունաքարային դրույթներ։ Հիմա ենթադրենք ասում են՝ Ադրբեջանի հինգ առաջարկներ, այդ պոստուլատները Ադրբեջա՞նն է հորինել։ Ոչ, դրանք միջազգայնորեն ընդունված այն բանաձևերն են, որոնց հիման վրա երկրները խաղաղության պայմանագրեր են կնքում։ Ես չեմ ասում, որ խաղաղության բոլոր պայմանագրերը նույնական են, բայց, ըստ էության, միջազգայնորեն ընդունված սահմանների, տարածքային ամբողջականության ճանաչում, սուվերենության հարգում, ուժի չկիրառում, ուժի սպառնալիքի չկիրառում և այլն։ Հիմա այդ սկզբունքները, ամեն դեպքում, ձևակերպվում են, այդ ձևակերպումները հարյուր տոկոսով նույնական չեն, բայց արտահայտում են, ըստ էության, նույն իմաստը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ