News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե չլիներ Ադրբեջանի այդ խոսույթը, խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրված կլիներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ Ադրբեջանի՝ 19-րդ եւ 20-րդ դարերի ներկայացրած քարտեզներին։

Փաշինյանի համոզմամբ՝ սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է իրականացվեն դե յուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա։

«Իրենք անհասկանալի է, թե ինչ են մեջբերում։ 19-րդ դարում Ադրբեջա՞ն է եղել, որ մի հատ էլ Ադրբեջանի քարտեզ լինի։ Եթե այդ խոսույթը չլիներ, խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրված կլիներ։ Առանցքային պատճառը չստորագրման դա է։ Երբեմն շատ կոնկրետ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է ունենալ խաղաղության պայմանագիր՝ արձանագրելով, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը հետո սահմանագծման պրոցեսում պարզվի, որ Հայաստանի ամբողջական ռեգիոնների հետ կապված նկրտում ունի»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ 1991 թվականի դեկտեմբերի 18-ի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթի դեպքում հետադարձ իրավական նշանակությամբ հասնում ենք 1929 թվական, ինչը նշանակում է, որ դելիմիտացիան կարելի է շատ արագ անել, որովհետեւ դելիմիտացիան քարտեզի վրա նշումն է, իսկ եթե մենք ընդունենք իրավական հիմքը, քարտեզի գիծը հայտնի է։

«Դեմարկացիան ուրիշ խնդիր է, որովհետեւ հինգ մետր կարող է այս կողմ լինել, տասը մետր՝ այն կողմ։ Բայց որ ընդհանուր սահմանը ճանաչում ենք, հետո տեղում նայում ենք, հասկանում ենք, որ կորը կարող է այսպես փոխվել, եւ փոխադարձաբար ընդունվում է, այլ խնդիր է։ Երբ մենք ֆիքսենք միջազգայնորեն Հայաստանի Հանրապետության տարածքը, դա զիջո՞ւմ է, թե ոչ, հաջողությո՞ւն է, թե անհաջողությո՞ւն։ Նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանը կարող է միայն լինել 300 000 ք/կմ , նրանք կհամարեն զիջում, դավաճանություն։ Ինձ համար դա կլինի մեծ հաջողություն, որովհետեւ առաջին անգամ մենք կունենանք Հայաստանի անկախ հանրապետություն, որը շատ կոնկրետ է, որը վիրտուալ չէ, բանավեճի տեղ չի տալիս, թե որտեղ է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա հարյուրամյա անվտանգություն եւ խաղաղություն կապահովի Հայաստանին։ Մեր խնդիրն է, որ նախկինում էլ, հիմա էլ  Հայաստանի Հանրապետություն ասելով հասկացել ենք տարբեր բաներ, կոնկրետ չի եղել Հայաստանի Հանրապետությունը, ընդորում՝ ոչ միայն մեզ համար, եւ այս ամորֆությունն իր հետ բերել է ռիսկեր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։               

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ