News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Կարինե Ռասոյանը օգոստոսի 21-ին՝ Աղավնոյի հանձնումից չորս օր առաջ դուրս է եկել հարազատ գյուղից։ Կարինեի մայրը եւ քույրը Աղավնոյում էին հաստատվել 1997 թվականին, իսկ Կարինեն 2003 թվականին։

Կարինեն Աղավնոյի դպրոցում մաքրուհի էր, միաժամանակ զբաղվում էր անասնապահությամբ եւ հողագործությամբ։

«Ամեն մի ժամը հետաքրքիր էր Աղավնոյում, մենք կյանք ենք դրել Աղավնոյում։ Իմ տարիներն եմ այնտեղ թողել։ Հիմա շատ դժվար է մեզ համար։ Ամեն ինչը կորցրինք, հիմա կարելի է ասել՝ փողոցում ենք հայտնվել։ Միշտ մտածել եմ, որ Աղավնոն ու Բերձորը հավերժ մնալու են։ Շատ եմ ափսոսում, որ մեր երիտասարդներն այդքան զոհվեցին, իսկ իրենք սկուտեղի վրա մատուցեցին մեր հայրենիքն Ադրբեջանին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Ռասոյանը։

Կարինեն երկու դուստր ունի՝ 21-ամյա Մարիաննան եւ 15-ամյա Անին։ Մարիաննան սովորում է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա բաժնում, սակայն վարձը չվճարելու պատճառով չի կարող շարունակել ուսումը։ Անին մատնահարդման դասընթացների է հաճախում, սակայն վարձավճարն ամբողջությամբ վճարված չէ։

«Ամեն ինչ կարոտում եմ Աղավնոյում, որովհետեւ իմ ամբողջ մանկությունն այնտեղ է անցել։ Ես իմ ամեն ինչն եմ այնտեղ թողել։ Ուզում էի Աղավնոյին մոտիկ տեղում մնալ, բայց, եթե մոտիկ տեղ մնայի, ավելի ցավոտ էր լինելու, որովհետեւ անընդհատ գյուղը ձգելու էր, իսկ իմ ձեռքերը կապված էին լինելու, չէի կարողանալու գնալ գյուղ։ Ես իմ հույսը երբեք չեմ կորցնում, որ մի օր կվերադառնամ Աղավնո, թեկուզ հիմա չէ, հետո, բայց պետք է գնամ»,- նշեց Անի Ռասոյանը։

Կարինեն վարձակալած բնակարանի համար վճարում է ամսական 90 հազար դրամ։ Մինչ այժմ ընտանիքը գոյատեւում է խնայողություններով, քանի որ երկու ամիս անց էլ Արցախի Կառավարությունն ընտանիքին դեռեւս չի փոխանցվել խոստացված 40 հազար դրամը։ Խոսք չի գնացել նաեւ 10 միլիոն դրամի սերտիֆիկատի մասին, որով հնարավորություն կունենան որեւէ համայնքում տուն գտնել։ Կարինեն հիշում է՝ ցանկանում էր տուն այրել, որ իր ստեղծածը թուրքին չմնա, բայց չի կարողացել։ Բացի այդ էլ մտածել է՝ ինչ կլինի, եթե մեզ սերտիֆիկատը չտրամադրեն, թեպետ չի էլ հավատում, որ, այնումենայնիվ, կտրամադրեն։

Կարինեն դեռեւս չի կարողանում աշխատանք գտնել, բարձրագույն կրթություն չունի, բայց նշում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել։

«Մեր կառավարությունն է այս ամենում մեղավոր, բնակիչը մեղավոր չէ, բնակիչն ի՞նչ անի։ Իրենց մեղքով է, որ մենք հիմա զոռով ենք գոյատեւում։  Միայն իրենց մասին են մտածում, խաբեն, կուտակեն ու նստեն, իսկ մե՞նք»,- նշեց Կարինեն։

Բոլոր դեպքերում Կարինեն բացառում է Արցախ վերադառնալը, ասում է՝ այլեւս երիտասարդ չէ, որ ամեն ինչ զրոյից սկսի, ի՞նչ կլինի, եթե նորից իր ստեղծածը կորցնի․ «Արցախ չեմ գնա, բայց եթե Աղավնոն մի օր նորից մերը լինի, անպայման կվերադառնամ»։

Տպել
Ամենաշատ