News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Հովակիմյանը։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը:

Հիմա հասկանանք, թե ինչ մասնագիտական որակներ ունի իշխանության թեկնածուն, որը զբաղեցնելու է անչափ կաեւոր պաշտոն:

Ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, վերջերս ԵՊՀ-ից էլ հայտնել էին, որ նա պարբերաբար դուրս է մնացել համալսարանից, այդպես էլ չկարողանալով ավարտել այն:

Իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաեւ հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետ: Մինչեւ 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաեւ նոր ձեւավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետեւաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետեւ իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Բայց Հովակիմյանի ուսումնառության պրոցեսն այսքանով չի ավարտվում: Նա 2021թ. մայիսին՝ 47 տարեկանում ստանում է մասնավոր՝ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ եւ իրավագիտության բակալավրի որակավորում: Բայց, հատկանշական է, որ մինչ այդ, նախկինում Փաշինյանի թերթում աշխատած լրագրողը հեղինակել էր, ոչ ավել, ոչ պակաս ՍԴ փոփոխություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում օրենքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝

1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.

3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

Ինչպես տեսանք, Վահագն Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, հետեւաբար երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունն էլ սկսել է Փաշինյանի ընտանեկան թերթում, շարունակել այլ լրատվականներում՝ որպես լրագրող եւ մեկնաբան: Բացի այդ, Վահագն Հովակիմյանը հանդիսանում է ՔՊ վարչության անդամ, իսկ սույն պաշտոնում առաջադրված թեկանծուն պետք է քաղաքականապես չեզոք լինի:

Ստացվում է Վահագն Հովակիմյանը կրթական եւ մասնագիտական առումով չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին»։

 

 

Տպել
Ամենաշատ