News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն ավարտել է պաշտոնական այցը Ադրբեջան, որտեղ նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու համար, գրում է Jerusalem Post-ը։

Իսրայելի նախարարի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցը «նվիրված է եղել անվտանգության եւ քաղաքականության հարցերին»։ Այցի ընթացքում Հանցը հանդիպել է նաեւ պաշտպանության նախարարի, պետական սահմանային ծառայության պետի հետ եւ այցելել է պետական սահմանային ծառայության կենտրոնակայան։ Նրան ուղեկցել են պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն գեներալ-մայոր Ամիր Էշելը, քաղաքականության բյուրոյի տնօրեն Դրոր Շալոմը եւ ռազմական քարտուղար, բրիգադային գեներալ Յակի Դոլֆը։

Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Հանցն «ընդգծել է Իսրայելի պետության եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունների պահպանման եւ տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարեւորությունը»:

Պաշտոնյաները քննարկել են նաեւ Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումից հետո Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած փոփոխությունները եւ Թուրքիայի եւ տարածաշրջանի ու աշխարհի այլ երկրների հետ Իսրայելի կապերի զարգացումը։

Ինչպես նշում է Jpost-ը, Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ, «որը, ըստ արտասահմանյան հաղորդագրությունների, Իսրայելին թույլ է տալիս լրտեսական գործողություններ եւ շատ այլ բաներ իրականացնել»։

Բաքուն նաեւ եղել է Իսրայելի հում նավթի հիմնական մատակարարը, իսկ վերջին տարիներին դարձել է իսրայելական ռազմական տեխնիկայի խոշոր ներկրող: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի 2020 թվականի զեկույցում ասվում է, որ Բաքուն Հնդկաստանից հետո իսրայելական սպառազինության համակարգերի երկրորդ խոշոր գնորդն է:

Հանցի այցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ հայտնվել են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում վեց հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերին վերջին մարտերի ժամանակ: Տեսանյութը հայտնվել է ադրբեջանցի զիվորականների կողմից հայ զինվորի բռնաբարության, սպանության եւ խոշտանգումների մասին այլ հաղորդումներից մի քանի շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ