News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովին է ներկայացվել Կառավարության հեղինակած «Հաշտարարության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որը միտված է հաշտարարության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Նախագծով սահմանվել են հաշտարարության առցանց իրականացման հնարավորություն, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մարմինների ձևավորման կարգ և լիազորությունների վերաբերյալ հստակ իրավակարգավորումներ, հաշտարարությունը խթանող գործիքակազմեր, հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկման հիմքերը, առիթները, կարգը և մի շարք այլ հարցեր։

Մշակվել է ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները.

• Որոշ ընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պայման: Մասնավորապես՝ առաջարկվել է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով մինչև դատարան դիմելը նախատեսել պարտադիր հաշտարարության պահանջ: Նշված վեճերով կողմերը կկարողանան դատարան դիմել միայն այս արտադատական կարգը պահպանելուց հետո: Օրենքի նախագծով առաջարկվել են նաև նշված կանոնի գործողության որոշ բացառություններ, օրինակ, եթե հնարավոր չլինի հաշտարար նշանակել, ապա կողմը կկարողանա առանց արգելքի դիմել դատարան։

 Պարտադիր հաշտարարության ինստիտուտի սահմանման առումով կարևոր է նշել, որ կողմերը չեն զրկվում դատական պաշտպանության իրավունքից և հնարավորություն ունեն դիմել դատարան՝ վեճի լուծման արտադատական կարգի իրացումից հետո: Կարևոր է միայն մասնակցել հաշտարարի հետ առաջին հանդիպմանը և եթե կողմը հրաժարվի հաշտարարությունից, նա կարող է ամեն դեպքում դրանից հետո դիմել դատարան։ Նման մոտեցումը համահունչ է ինչպես ներպետական սահմանադրական, այնպես էլ կոնվենցիոն իրավակարգավորումներին և ՄԻԵԴ դատական պրակտիկային։

• Սահմանվել է առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։

• Սահմանվել է հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ։

• Սահմանվել են նաև հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումներ։ Հստակ սահմանվել են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, վերջիններիս լիազորությունները։

• Նախատեսվել են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:

Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվում են նաև մի շարք այլ կարգավորումներ՝ կապված հաշտարարական գաղտնիքի պահպանման, կողմերի հետ փոխկապակցվածության բացահայտման, դատարանի կողմից հաշտարարության նշանակման վերաբերյալ։

Նախագծերի ընդունումից հետո՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է լինելու գործող հաշտարարների վերապատրաստման և նոր հաշտարարների ներգրավման ու որակավորման գործընթացին: Այս գործընթացին փորձելու ենք ներգրավել նաև միջազգային գործընկերներին՝ հաշտարարների ուսուցումն ու որակավորումը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Բացի այդ, կմշակվի հաշտարարության էլեկտրոնային հարթակը, որի միջոցով կիրականացվի հաշտարարների հաշվառումը, ընտրությունը և նշանակումը։ Իսկ օրենքի ընդունումից հետո մեկ տարի անց արդեն կսկսի գործել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը:

Տպել
Ամենաշատ