Առաջարկվում է եւս կես տարով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ժամկետները։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը, որը ստացվել է այս տարվա հունիսի վերջին ՊՆ-ից։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային եւ գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ»,-ասաց Քոչարյանը։
Պատգամավորը հավելեց նաեւ, որ հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում երբեմն պաշտպանության նախարարությունից լրացուցիչ տվյալներ ու տեղեկատվություն է պահանջում։ «Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ձեւով իր դժգոհությունն է արտահայտել, որը որեւէ ձեւ չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, եւ բոլորը պետք է գան»,-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։