News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 26
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիան դատապարտել է էներգետիկ ճգնաժամի տնտեսական հետեւանքները հաղթահարելու համար ԵՄ-ում նոր պարտքային պարտավորություններ թողարկելու ֆրանսիացի եւ իտալացի եվրահանձնակատարների առաջարկը, գրում է Politico-ն։

Բեռլինը հայտնվել է քաղաքական փոթորկի կենտրոնում այն բանից հետո, երբ միակողմանի հայտարարել է սեփական տնտեսության մեջ մինչեւ 200 միլիարդ եվրոյի ներարկումների մասին՝ սպառողների եւ արդյունաբերության համար էներգակիրների գների աճի հարվածը մեղմելու նպատակով: Ֆրանսիան եւ Իտալիան նախազգուշացրել են, որ նման զանգվածային միջամտությունը կարող է անարդար անհավասարակշռություն ստեղծել եվրոպական միասնական շուկայում, քանի որ գերմանական ընկերությունները պետության կողմից ֆինանսավորվող առավելություն կստանան ԵՄ մրցակիցների նկատմամբ:

Երեքշաբթի օրը Շոլցը պաշտպանել է փաթեթը՝ այն անվանելով «շատ հավասարակշռված, խելամիտ եւ վճռական», եւ ասել է, որ «հնարավոր է բոլորն անմիջապես չեն հասկացել» երկու տարվա ընթացքում օգնությունը տարածելու Գերմանիայի մտադրությունները՝ հավելելով, որ դա համարժեք է այն ամենին, ինչ անում են մյուս երկրները։

Ի պատասխան օգնության հայտարարության՝ Բրյուսելում ֆրանսիացի եւ իտալացի հանձնակատարներ Թիերի Բրետոնը եւ Պաոլո Ջենտիլոնին կոչ են արել ավելի շատ եվրոպական ֆինանսական համերաշխության, ներառյալ ԵՄ-ի կողմից համատեղ աջակցվող ֆինանսական օգնության որոշ միջոցառումներ: Սրան, սակայն, պատշաճ ուշադրություն չեն դարձրել Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները եւ տնտեսական հարցերով եվրոպական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը:

Բրետոնը եւ Ջենտիլոնին ոչ միայն Եվրահանձնաժողովի ծանր քաշայիններ են, այլեւ Փարիզից եւ Հռոմից անընդհատ արձագանքում են ԵՄ պարտքային ավելի մեծ պարտավորությունների թողարկման կոչերին:

Ջենտիլոնին կրկնել է իր տեսակետը Լյուքսեմբուրգում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ, որտեղ այդ հարցը օրակարգում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, կքննարկվի։ «Եթե մենք ցանկանում ենք խուսափել մասնատումից, եթե ցանկանում ենք դիմակայել այս ճգնաժամին, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է համերաշխության ավելի բարձր մակարդակ եւ մենք պետք է ներդնենք որոշ լրացուցիչ ընդհանուր գործիքներ, ինչպիսին էր SURE մեխանիզմը համավարակի ժամանակ»,- ասել է նա:

Բայց Բեռլինից արձագանքը գրեթե անմիջապես է եկել։ «Ավելի հեռուն գնացող առաջարկները, որոնք հիմնված են SURE ծրագրի վրա, այս պահին չեն կարող արդարացվել»,- ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Լինդները: «Այս ճգնաժամը շատ է տարբերվում կորոնավիրուսային համավարակից։ Մենք գործ չունենք պահանջարկի շոկի հետ, եւ մենք պետք է պահանջարկը պետական միջոցներով խթանենք։ Մենք գործ ունենք մատակարարման շոկի հետ, եւ մենք պետք է արձագանքենք դրան՝ ընդլայնելով առաջարկը եւ համատեղ գործելով միջազգային շուկաներում»,- հավելել է Լինդները։

Մինչեւ 2024 թվականը 200 միլիարդ եվրոյի չափով Գերմանիայի օգնության փաթեթը հատկապես նյարդայնացնում է ԵՄ մյուս երկրներին, քանի որ Բեռլինը պատրաստվում է ավելի շատ պարտքային պարտավորություններ թողարկել տանը, բայց չի ցանկանում անել նույնը ԵՄ-ի մակարդակով:

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը, որը հակված է դեպի ֆինանսական առումով պահպանողական երկրներ, նույնպես նսեմացնում է ընդհանուր պարտքի գաղափարը։ «Այդ հարցը հետագա քննարկման կարիք ունի, քանի որ տարբեր կարծիքներ կան»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ