News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Եթե ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին եւ չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերին, եւ մնացյալ բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություն էր արտահայտել, ապա  իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում խորհդարանը։ Քաղաքական մեծամասնությունը անգործության է մատնված Ազգային ժողովում։ Երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել, իշխող խմբակցությունը գոնե ձեւի համար քննարկում չի ծավալում, սա սնանկություն, ճգնաժամ է խորհրդարանում»,– ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վեհափառի, Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հնարավոր հանդիպմանը, Մանուկյանն ասաց՝ ակնկալվում է, որ այդ ձեւաչափը կշարունակվի, թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի։

«Իր հայտարարությունից հստակ չէր՝ եթե հանդիպում լինի, ինքը կմասնակցի՞, թե՝ ոչ»,– ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լեւոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, իսկ Մայր Աթոռից էլ հայտարարեցին, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները կրկին հանդիպեն։ Մայր Աթոռից տեղեկացրել են, որ Վեհափառը առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում,  հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական  դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ