News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը մի քանի տարումում իր հզոր ռազմարդյունաբերական համալիրն ունենալու ներուժ ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Նա հայտնեց, որ Հայաստանում կա զենքի տեղական արտադրություն. դրանք այն ձեռնարկություններն են, որոնք երկար ժամանակ զբաղվում են այդ խնդրով։

«Մասամբ դա մարդկանց անձնական ներդրումն էր, ում հավատարմությունը հիմք է հանդիսացել այն ամենի համար, ինչը մենք կարողացանք այսքան երկար տանել եւ արտադրության մակարդակի հասնել։ Նորությունն այն է, որ վերջերս ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ մասնավոր հատվածը։ Դրանք հիմնականում հայկական շրջանակներ են, այդ թվում՝ սփյուռքից։ Ի պատիվ մեր ռազմարդյունաբերական համալիրի, պետք է ասել, որ մենք ունենք այդ ոլորտը։ Այո, այն շատ թույլ է, բայց զարգացման լուրջ ներուժ ունի եւ ունի ներուժ, որպեսզի ռազմարդյունաբերական համալիրը հնարավորինս շուտ իր մասնաբաժինն ունենա Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում»,- հավելեց Չոբանյանը։

Միաժամանակ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց, որ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները զարգացման լուրջ աջակցության կարիք ունեն։ Նրանք ի վիճակի չեն իրենց ներդրումներով զարգացում ապահովել։

Նա պարզաբանեց, որ ռազմական արդյունաբերությունը 5-10 անգամ ավելի մեծ ծավալներով պետական ​​աջակցության կարիք ունի, քան հիմա է ստանում։ Քանի որ ոլորտը խիստ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակը, հատկապես՝ ներկա իրավիճակը, այդ ձեռնարկությունների նկատմամբ քաղաքականությունը, ըստ փորձագետի, պետք է լինի այնպիսին, որ դրանք աշխատեն 24/7 ռեժիմով։

«Ռազմարդյունաբերական համալիրի արտադրությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ամենաբարդ եւ խոցելի ոլորտն է, եւ մեր մոտեցումը հանգում է հետեւյալին. բոլոր ձեռնարկությունները պետք է գործեն իրենց հնարավորությունների ամբողջ ծավալով, եւ պետությունը պետք է ապահովի այդ աշխատանքը»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ