News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ինչպես վկայում են 2023 թվականի պետական բյուջի նախագծում տեղ գտած տվյալները, Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը այս տարվա արդյունքներով էապես կնվազի, իսկ հաջորդ տարի նույնպես կշարունակի նվազել (իհարկե, ոչ այնքան զգալի չափով, ինչպես այս տարի)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամի, իսկ հետո 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ կառավարությունը ստիպված էր նախատեսվածից ավելի շատ պարտք ներգրավել՝ բյուջեի ավելացած պահանջմունքները բավարարելու համար։

Արդյունքում՝ 2020 թվականին կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը աճեց 13.4 տոկոսային կետով եւ հասավ 63.5%-ի։ Այդպիսով, մենք գերազանցեցինք հարկաբյուջետային կանոններով սահմանված պարտքի շեմը, ինչը սահմանափակում էր սոցիալական ծախսերն ավելացնելու հնարավորությունը։

2021 թվականին պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը նվազեց մինչեւ 60.3%, այսինքն, դեռ շարունակում էինք թույլատրելի գծից վերեւ գտնվել։

Սակայն այս տարվա արդյունքներով կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, սպասվում է, որ կլինի 51%: Իսկ 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի, ինչը ավելի բարվոք ցուցանիշ է, քան նախաճգնաժամային տարիներին։

ԻՆՉՈՒ Է ՆՎԱԶԵԼ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌԸ

Դեր են խաղացել երկու հիմնական գործոններ.

1. Փոխարժեք։ Քանի որ ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է, որը վերցված է արտարժույթով, դրամի արժեւորման արդյունքում արտաքին պարտքի ծավալը դրամային արտահայտությամբ նվազել է։ Պարզ ասած, եթե 1 մլն դոլարի պարտքը նախկինում հաշվարկվում էր 480 մլն դրամ, այժմ հաշվարկվում է 420 մլն դրամ։

2. ՀՆԱ-ի աճ։ Ինչպես տեսնում եք, պարտքը բացարձակ թվով աճում է եւ աճելու է (ինչը նորմալ է դեֆիցիտային բյուջի դեպքում)։ Սակայն կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է՝ համախառն ներքին արդյունքի՝ նախատեսվածից ավելի բարձր աճի արդյունքում։

ԻՆՉ Է ՏԱԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔ / ՀՆԱ-Ի ՆՎԱԶՈՒՄԸ

Ինչպես նշեցի, գործում են, այսպես կոչված, հարկաբյուջետային կանոններ։ Դրանց համաձայն, եթե պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 60%-ից անցնում է, ապա կառավարության՝ սոցիալական ծախսեր ավելացնելու հնարավորությունները սահմանափակվում են։

Պարզ ասած, պետության ձեռքերը կապվում են։

Հարկաբյուջետային կանոնն ասում է՝ եթե պարտքային բեռդ շատ է ծանրացել ու դու էլ շարունակում ես պարտք վերցնել, ապա չես կարող ուզածիդ չափ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել։ Հակառակը՝ այդ պարտքը պետք է ուղղես կապիտալ ծախսերին որպեսզի տնտեսությունը զարգանա ու ռեսուրս ունենա այդ պարտքը կարողանա սպասարկել։

Հիմա, երբ պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 60%-ից նվազել է եւ թեթեւացել է նաեւ պարտքի սպասարկման բեռը, պետությունը կարող է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սոցիալական ծախսերին։

Ինչը եւ անում է։

Արդեն իսկ որոշ չափով բարձրացվել են թոշակներն ու նպաստները։ Իսկ եկող տարվա բյուջեով նախատեսվում է թոշակների լրացուցիչ բարձրացում, նվազագույն աշխատավարձի, նպաստների բարձրացում եւ այլ ուղղություններով (կրթություն, առողջապահություն) ծախսերի զգալի աճ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ