News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանին այս պահին հարաբերական անդորր է, երբեմն սադրանքներ իրականացնում են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Թշնամին փորձելու է անընդհատ իր օրակարգն առաջ տանել՝ կլինի միջանցքի հարցով, թե այլ հարցով։ Արվող գործողությունները բազմաբնույթ են եւ բազմաշերտ են՝ սկսած անվտանգային հարցերից, ավարտած՝ դիվանագիտականով»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հարցին՝ պատերազմից հետո ինչո՞ւ բնագիծ չկա, պատգամավորն ասաց. «Այո, Արցախում երկրորդ, երրորդ շերտ բնագծեր չեն եղել։ Պատերազմից հետո սահմանային ծավալները ամբողջապես փոխվել են, եւ բնագծերը նոր են սկսել կառուցվել։ Բավականին մեծ աշխատանք է իրականացվել, այդ թվում՝ ինժեներական»։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում Իշխանասարի դիրքերից մեկում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին գնդակահարելուն՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Անհամաչափ ուժերի արդյունքում։ Այսօր Ադրբեջանի նկատմամբ մեր ուժերն անհամաչափ են»։

Անդրադառնալով ադրբեջանական խմբերի՝ Ջերմուկում շրջափակման մեջ գտնվելուն՝ Խաչատրյանն ասաց, որ խմբերը շարունակում են մնալ այնտեղ. «Ջերմուկի հատվածում, որտեղ որ ներթափանցել են, հիմնականում այդ դիրքերն էլ զբաղեցնում են։ Այդ պատճառով մեր դիվանագիտական կորպուսը ամբողջությամբ աշխատում է, որպեսզի այդ օկուպացված տարածքները մեկ օր առաջ լքեն։ Թշնամիները շրջափակման մեջ են, թե՝ ոչ, էական չէ այդքան։ Երբ մարտական գործողությունների անհրաժեշտություն լինի վարել, այդքան էլ հաշվի չի առնվելու՝ ով է շրջափակման մեջ, ով՝ ոչ. արվելու է բոլորի հանդեպ, բոլորի, նրանք, ովքեր օկուպացրել են մեր տարածքները, բայց դա չպետք է ծնի լայնածավալ մարտական գործողություններ»։

Տպել
Ամենաշատ