News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պատմական փաստ է՝ մոտավորապես 1915 թվականից Օսմանյան կայսրությունը կոտորել է հարյուր հազարավոր անմեղ հայերի։ Սա էթնիկ զտումների ծրագրի եւ քրիստոնյա հայերից ազատվելու թուրք մահմեդական առաջնորդների ցանկության մի մասն էր, գրում է պրոֆեսոր Ալան Դերշովիցը Newsweek-ի իր հոդվածում։

«Որոշակի տարաձայնություններ կան սպանված հայերի ստույգ թվի վերաբերյալ՝ մոտ 600 000-ից մինչեւ երկու անգամ ավելի: Նաեւ վեճեր կան այս վայրագության պատճառների, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի դերի մասին: Բայց ոչ մի ազնիվ մարդ չի կարող վիճարկել հիմնական փաստերը, այն է՝ օսմանյան իշխանությունների կողմից հայերին բնաջնջելու եւ/կամ արտաքսելու մասին որոշում է կայացվել, եւ դա իրականացվել է հիմնականում զինվորականների միջոցով։

Դա արել են սպառնալիքներով, շորթումով եւ կաշառքով։ Այս մարտավարությունն աշխատել է շատ տարիներ։ Հաղորդվում է, որ Հիտլերը 1939 թվականին օգտագործել է Հայոց ցեղասպանությունը որպես պատրվակ, որպեսզի վստահեցնի գերմանացի ժողովրդին, որ աշխարհը չի արձագանքի հրեաների դեմ իր ծրագրած ցեղասպանությանը: Ականատեսների վկայությամբ՝ նա ներկաներին ասել է հետեւյալը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։ Անկախ նրանից՝ ճշգրիտ մեջբերում է սա, թե ոչ, այն ճշգրիտ ամփոփում է այն դասը, որը քաղել է Հիտլերը հայերի դեմ թուրքական ցեղասպանությունից՝ ոչ ոքի չի հետաքրքրում, թե կոչնչացնեն արդյոք նացիստները հրեաներին:

Հոլոքոստի մասին Քեն Բերնսի վերջին վավերագրական ֆիլմը ենթադրում է, որ Հիտլերը, հավանաբար, ճիշտ էր: 1939-1945 թվականներին վեց միլիոն հրեաներ՝ նորածիններ, երեխաներ, կանայք, ծերեր, ուժերի ծաղկման շրջանում տղամարդիկ, սպանվել են գազային խցիկներում, գնդակահարություններով եւ ջարդերով, որոնք կազմակերպվել էին նացիստների կողմից, որին մասնակցել են տեղացի ուկրաինացիներ, լեհեր, հունգարներ, լատիշներ, լիտվացիներ, էստոնացիներ եւ այլք։ Թեեւ ավարտից հետո հուշահամալիրներ կառուցվեցին՝ ի հիշատակ այս աներեւակայելի ողբերգության, երբ այն տեղի էր ունենում, աշխարհի երկրների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան, ավելի վատ վարվեցին, քան եթե ոչինչ չանեին՝ նրանք մտադրված եւ կանխամտածված փակեցին իրենց դռները այն հրեաների համար, որոնք փորձում էին փախչել նացիստական բարբարոսությունից։

Որոշ առումներով Հիտլերը հաղթեց 1939 թվականին իր սկսած երկու պատերազմներից առնվազն մեկում։ Նա պարտվեց նվաճողական պատերազմում եւ գերմանական էքսպանսիայում, բայց հաղթեց հրեաների դեմ պատերազմում։ Նա ասաց, որ կսպանի Եվրոպայի հրեաներին, եւ Գերմանիան կդառնա ավելի հարուստ ու ավելի հզոր։ Այս երկու կանխատեսումներն էլ իրականացան։ Նա սպանեց Եվրոպայի հրեաների երկու երրորդին, եւ պատերազմից ու Մարշալի պլանից հետո Գերմանիան դարձավ Եվրոպայի ամենահարուստ եւ հզոր երկիրը:

Տեղի կունենա՞ր արդյոք այս ամենը, եթե թուրքական կառավարությունը պատասխանատվության ենթարկվեր հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանության համար։ Մենք երբեք չենք իմանա այս կպչուն հարցի պատասխանը։ Բայց մենք գիտենք, որ ցեղասպանություններին աշխարհի արձագանքը լավագույն դեպքում թույլ է եղել: Թուրքիան փոքր գին է վճարել կամ ընդհանրապես ոչինչ չի վճարել իր զանգվածային սպանությունների համար: Ոչ էլ Գերմանիան՝ չնայած ժլատությանը եւ նվազագույն տնտեսական փոխհատուցումներին։

Գերմանիայում համեմատաբար փոքր թվով նացիստական բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական պատասխանատվության եւ դատապարտվել։ Մի քանիսը մահապատժի են ենթարկվել։ Բանտարկյալներից շատերը շուտով ազատ են արձակվել Գերմանիայում ամերիկացի գերագույն հանձնակատար Ջոն Մաքքլոյ անունով հակասեմիտականի կողմից, որը սիրում էր Գերմանիան այնքան, որքան հրեաներին չէր սիրում։ Ազատագրվածների մեծ մասն անցել է «դենացիֆիկացիա» կոչվող սպիտակեցման ճանապարհով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հոլոքոստի բացահայտումից հետո աշխարհը խոստացավ. «Այլեւս երբեք»: Բայց այդ ժամանակից ի վեր մենք նորից ու նորից, նորից ու նորից տեսել ենք զանգվածային սպանություններ, այդ թվում՝ ցեղասպանություն: Միջազգային հանրությունը դատապարտում է հանցագործներին եւ ցավակցում զոհերին, սակայն համարյա ոչինչ չի անում այդ զանգվածային սպանությունները կանխելու համար:

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ առաջին դեպքը չէ, երբ էթնիկ կամ կրոնական խմբի դեմ զանգվածային սպանություններ են իրականացվել։ 1648 թվականին Ուկրաինայում Խմելնիցկու կոտորածը ոչ միայն չի դատապարտվել, այլեւ փառաբանվել է։ Նրա արձանը պահպանվել է Կիեւի կենտրոնից ոչ հեռու։ Կիեւի կառավարությունը պարգեւատրել է մի քանի ուկրաինացի նացիստ առաջնորդների, որոնք անմիջականորեն մասնակցել են Հոլոքոստին:

Ցանկացած բռնակալ, որն այժմ մտածում է ապագա ցեղասպանության մասին, հետ կնայի այս նողկալի պատմությանը եւ կեզրակացնի, որ միջազգային հանրությունը քիչ բան կանի կամ ոչինչ չի անի՝ կանխելու կամ նույնիսկ պատժելու համար նրանց, ովքեր նման վայրագություններ են կատարում: Միավորված ազգերի կազմակերպությունն ավելի շատ ժամանակ է հատկացրել Իսրայելին իր խնամքով ծրագրված պաշտպանական պատերազմների համար դատապարտելուն, քան Աֆրիկայում եւ Ասիայում չարդարացված զանգվածային սպանությունները դատապարտելուն:

Յուրաքանչյուրը, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պետք է դասվի այն ժխտողների շարքին, որոնք ժխտում են Հոլոքոստը: Ցեղասպանության բոլոր ժխտողները մեծացնում են ապագա ցեղասպանությունների հավանականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ