News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

1950-ականներին հայտնի էր «ճանապարհային ճուտիկ» խաղը, որը խաղում էին տեստոստերոնի ավելցուկ ունեցող արական սեռի դեռահասները։ Երկու վարորդ՝ ամայի ճանապարհին մեծ արագությամբ իրենց մեքենաները միմյանց դեմ էին ուղղում։ Ենթադրվում էր, որ վարորդներից մեկը վերջին պահին կթեքվի՝ դրանով իսկ խուսափելով աղետալի բախումից, այդ դեպքում նա կդառնա «ճուտիկ»։ «Ճանապարհային ճուտիկի» ժողովրդականությունը արագորեն մարեց, քանի որ շատ հաճախ վարորդներից ոչ մեկը չէր թեքվում, ինչի հետեւանքով ճակատագրական բախումներ էին տեղի ունենում: Ցավոք, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն այժմ «միջուկային ճուտիկ» են խաղում Ուկրաինայի հանդեպ, եւ հետեւանքները կարող են հավասարապես ճակատագրական լինել երկու երկրների համար, գրում է American Conservative-ը։ 

«Հիմնական տարբերությունն այն է, որ սխալ հաշվարկը կհանգեցնի ոչ թե մեկ կամ երկու մահվան, այլ միլիոնների:

Ռուս պաշտոնյաները բազմիցս ազդարարել են, որ թեեւ Կրեմլը ներկայումս չի պլանավորում օգտագործել նույնիսկ փոքր մարտավարական միջուկային զենք՝ Ուկրաինայում ռազմական փակուղուց դուրս գալու համար, Վլադիմիր Պուտինի կառավարությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք, եթե Ռուսաստանի անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա։ Պուտինը բազմիցս նշել է, որ միջուկային տարբերակը մնում է ուժի մեջ՝ նման «գոյաբանական սպառնալիքներին» արձագանքելու համար։

Ջո Բայդենի վարչակազմը պետք է լուրջ վերաբերվի այս ազդանշաններին: Սակայն Ուկրաինային ավելի հզոր զենք մատակարարելու քաղաքականությունից հրաժարվելու փոխարեն Վաշինգտոնը կրկնապատկում է խաղադրույքները, չնայած Մոսկվայի աճող զայրույթին: Ավելի վատն այն է, որ վարչակազմի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, «գաղտնի» նախազգուշացումներ են ուղարկել Կրեմլին, որ Ուկրաինայում միջուկային զենքի ցանկացած օգտագործում «լուրջ հետեւանքներ» կունենա՝ ենթադրելով ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանը: Այժմ պայմաններ են ստեղծվել լիարժեք «միջուկային ճուտիկ» խաղալու համար։

Ոմանք կարող են մտածել, որ Բայդենի քաղաքական թիմը եւ նրա կողմնակիցները արտաքին քաղաքական համայնքում բավականին լուրջ կվերաբերվեն Մոսկվայի վերջին նախազգուշացումներին եւ կսկսեն վարել ավելի զգույշ եւ խոհեմ քաղաքականություն: Բայց սրանք այն նույն մարդկանցից շատերն են, ովքեր մերժել կամ նույնիսկ արհամարհել են Պուտինի բազմաթիվ հայտարարությունները, սկսած առնվազն 2008 թվականից, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ կամ նույնիսկ ոչ պաշտոնական ռազմական ակտիվ դարձնելու փորձերը կանցնեն «կարմիր գիծը» եւ անընդունելի կլինեն: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բազեները զարմանալիորեն վստահ էին, որ Պուտինը բլեֆ է անում: 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը համոզիչ կերպով ցույց տվեց, որ դա այդպես չէ։

Բազեների մի խումբ դեռ պնդում է, որ Մոսկվան բլեֆ է անում։ Նման մարդիկ կարծես ոչինչ չեն սովորել իրենց նախկին սխալ հաշվարկից։ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը պնդում է, որ պետք է անտեսել Պուտինի նախազգուշացումները միջուկային զենքի կիրառման մասին՝ ի պատասխան Կիեւին արեւմտյան ռազմական օգնության ավելացման: «Էսկալացիայի սպառնալիքը դատարկ խոսակցություն է,- վստահորեն ասում է Մաքֆոլը,- Պուտինը բլեֆ է անում»: Մյուս բազեները Բայդենի վարչակազմին կոչ են անում չտրվել Ռուսաստանի «միջուկային շանտաժին»: Նրանք, կարծես, ուշադրությւն չեն դարձնում հավանական հետեւանքներին, եթե իրենց կանխատեսումները սխալ լինեն:

Մրցակից խմբակցությունը որոշ չափով ավելի լուրջ է վերաբերվում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությանը, սակայն նրանց «որոշումը» սարսափելի է։ Պատմաբան Մաքս Բութը պնդում է, որ նախագահ Բայդենը պետք է կանխի դա՝ ընդգծելով, որ թեեւ ներկա պայմաններում Միացյալ Նահանգները ուղղակիորեն պատերազմ չի մղի Ռուսաստանի դեմ, դա կփոխվի, եթե Պուտինը միջուկային զենք օգտագործի: Նրա խոսքով՝ անգամ առանց սեփական միջուկային զենքի դիմելու, ՆԱՏՕ-ն կարող է օդային հարված հասցնել, որն արագորեն կխորտակի Ռուսաստանի ամբողջ Սեւծովյան նավատորմը եւ կկործանի ռուսական բանակի մեծ մասը Ուկրաինայում եւ նրա շուրջը:

Բութը, ըստ երեւույթին, ենթադրում է, որ ռուսական արջը պարզապես կփախչի նման առճակատումից ու իր վերքերը կլիզի։ Նույնիսկ ԱՄՆ ռազմական հզորության եւ դրա անխտիր օգտագործման երկրպագուի համար Բութի առաջարկը չափազանց ամբարտավան եւ անպատասխանատու է: Նա, կարծես, չի էլ դիտարկում այն հնարավորությունը, որ Ռուսաստանը դրա փոխարեն առճակատման էսկալացիայի կգնա։ Իսկ էսկալացիան այս դեպքում կնշանակի բաց միջուկային պատերազմ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։

Բայդենի վարչակազմը փորձում է համատեղել արտաքին քաղաքականության ասպարեզում իր բազեական դաշնակիցների երկու դիրքորոշումները։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, թե «քիչ հավանական է», որ Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, սակայն ընդունում են, որ նման սցենարի վտանգը «աճել» է վերջին շաբաթներին։

Ռուսաստանի որոշ ղեկավարներ, ցավոք, նույնքան ամբարտավան են թվում, որքան իրենց ամերիկացի գործընկերները, եւ կարծում են, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը ՆԱՏՕ-ի հարձակում չի հրահրի: Այս կարծիքը Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է սեպտեմբերի 27-ի հայտարարության մեջ։ «Պատկերացնենք, որ Ռուսաստանը ստիպված է կիրառել իր ամենասարսափելի զենքը ուկրաինական ռեժիմի դեմ, որն իրականացրել է լայնածավալ ագրեսիա, որը սպառնում է մեր պետության գոյությանը։ Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը նույնիսկ նման սցենարի դեպքում»,- ասել է Մեդվեդեւը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի, Լոնդոնի եւ Բրյուսելի անվտանգությունը «ՆԱՏՕ-ի համար շատ ավելի կարեւոր է, քան մահացող Ուկրաինայի ճակատագիրը»։

Համարյա կարելի է պատկերացնել, որ երկու մեքենաներ հանդիպակաց սլանում են, եւ երկու վարորդներն էլ վստահ են, որ հակառակորդը վերջին պահին կթեքվի։ Ամերիկայի ժողովուրդն այժմ միջուկային պատերազմի ավելի մեծ վտանգի տակ է, քան երբեւէ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո: Այն ժամանակ Մոսկվան հետ կանգնեց մոտալուտ բախումից՝ ընդունելով, որ Վաշինգտոնը վճռական է կանխել հարձակողական հրթիռների տեղակայումը Ամերիկայի շեմին: Կրեմլը խելամտորեն եզրակացրեց, որ ԱՄՆ-ը հետ չի կանգնի անգամ միջուկային առճակատումից, այլ պատերազմի կգնա իր կենսական շահերին սպառնացող նման վտանգը կանխելու համար։ Այս անգամ Վաշինգտոնն այն կողմն է, որը պետք է հետ կանգնի սրացող առճակատումից, քանի դեռ շատ ուշ չէ: Ինչպես ես արդեն գրել եմ, ռուս առաջնորդները Ուկրաինան համարում են Ռուսաստանի անվտանգության կենսական կարեւոր շահ: Կրեմլն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի նվաստացուցիչ ռազմական պարտությունը եւ խուսափի արեւմտյան զորքերից ու հրթիռներից Ուկրաինայի հետ սահմանին, հնարավոր է՝ ներառյալ մարտավարական միջուկային զենքի օգտագործումը։ Մի խոսքով, Ռուսաստանը դժվար թե լինի այն վարորդը, որը կթեքվի «միջուկային ճուտիկի» այս խաղում: Եթե ԱՄՆ-ը դա չանի, թեկուզ «ճուտիկ» կոչվելու գնով, ապա արդյունքը խոստանում է ճակատագրական բախում եւ աղետ լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ