News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել։

Կարելի է ենթադրել, որ նա հույսը կտրել է, թե կարող է ընտրվել Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնում, այդ պատճառով էլ ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաեւ ավագանու անդամի թեկնածուներ Մանվել Ավագյանը,  Հռիփսիմե Շահինյանը եւ Աղվան Օհանյանը։

Նրանց փոխարեն մանդատները կստանան ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ համարները՝ Հրանտ Հախվերդյանը, Անահիտ Սմբատյանը, Արտակ Գեւորգյանն ու Արեն Դալլաքյանը։

Ալավերդի խոշորացված համայնքի ընտրություններում  քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ ստացավ, որովհետեւ համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։

Ընտրություններից մեկ շաբաթ անց «Ապրելու երկիր» եւ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր ստորագրեցին։ Կուսակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։

Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը կստանձնեն «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։

Տպել
Ամենաշատ