News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների հիմքում կառուցակարգային մոտեցման սկզբունքն էր դրված, որը ենթադրում էր հստակ սահմանադրաիրավական կարգավիճակի ամրագրում մի շարք մարմիններում, ինչպիսիք են օրինակ, ԿԲ-ն, ՄԻՊ-ը, ՀՌՀ-ն, ԿԸՀ-ն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտնում առաջադրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

«Սա նպատակ ուներ հստակ ամրագրում տալ, կարգավիճակ տալ այդ ինստիտուտներին, որոնք ունեն նաեւ անկախ մարմնի կարգավիճակ: Այսինքն Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ ԿԸՀ-ն անկախ պետական մարմին է: Մյուս կողմից 2015-ի սահմանադրական փոփոխությունների հիմնարար նպատակը իշխանությունների տարանջատման սկզբունքի, զսպման եւ հակակշիռների մեխանիզմների ավելի հստակ ներդրումն էր:

Այսինքն ի դեմս ԿԸՀ-ն, մենք պետք է գործ ունենանք անկախ մարմնի հետ, որի հիմնական առաքելությունն ու գործառույթն է ՀՀ-ում ընտրությունների, հանրաքվեների  անցկացումը եւ դրանց օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը: Արդյոք Վահագն Հովակիմյանը կարող է այդ անկախ լինելու սկզբունքի ներքո տեղավորվել: Իմ պատասխանը «ոչ»-ն է, որովհետեւ Վահանգն Հովակիմյանը իշխող կուսակցության հիմնադիր անդամ է, նրա կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Նա շատ հստակ եւ բուռն մառամթերքով մշտապես հանդես է եկել՝ պիտակավորելով մի շարք երկրում առկա քաղաքական ուժերի, արտահայտել է իր դիրքորոշումը այլ քաղաքական ուժերի վերաբերյալ, եւ այս անձը պետք է ղեկավարի մի մարմին, որն այդ ուժերի նկատմամբ պետք է օբյեկտիվություն ցուցաբերի, հնարավորինս անաչառ լինի ընտրական գործընթացների կազմակերպման տեսանկյունից: Դա, առաջին իսկ հայացքից, սահմանադրաիրավական տեսանկյունից խնդրահարույց է»,-ասաց Մելոյանը:

Նա Վահագն Հովակիմյանի թեկնածությունը դիտարկեց նաեւ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից՝ նշելով. «Ինչպիսի՞ հետագիծ ունի նա ընտրական գործընթացների, ընտրական իրավունքի պրոցեսում: Ես որքան գիտեմ, ն անգամ իրավաբանական բարձրագույն կրթություն չունի: Նախընտրելի կլիներ, որ մասնագետը նաեւ մի փոքր գոնե գիտական հենք ունենար այդ ոլորտում: Հետեւաբար թեկնածուն խնդրահարույց է թե մասնագիտական համապատասխանության, թե անկախության սկզբունքի տեսանկյունից: բայց զարմանալի չէ նրա թեկնածությունը, որովհետեւ նա առաջին իշխանահաճո թեկնածուն չէ: Կարծում եմ՝ իշխող ուժի վերարտադրման համար էական նշանակություն ունեցող պաշտոնի մասին է խոսքը»,-ասաց սահմանադրագետը:

Հարցին, թե ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու ԿԸՀ նախագահը,. Գոհար Մելոյանը պատասխանեց. « Խմբակցություններն առաջադրում են, իրավասու հանձնաժողովը, որ այս դեպքում պետաիրավական է, որի փոխնախագահը հենց Հովակիմյանն է, ներկայացնելու է Ազգային ժողովին: ԱԺ-ն պատգամավորների 3/5-րդ ձայներով կատարելու է քվեարկություն»:

Գոհար Մելոյանի խոսքով, ընդդիմությունն այդ ընտրության հարցով կարող է դիմել ՍԴ, քանի որ սահմանադրաիրավկան տեսանկյունից գործ ունենք խնդրահարույց իրավիճակի հետ:

Նշենք, որ ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ խմբակցության պտգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Հովակիմյանն արդեն իսկ վայր է դրել մանդատը եւ ՔՊ-ից դուրս գալու դիմում ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ