News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանը, Իտալիան, Բելգիան եւ Հունաստանն առաջարկ են նախապատրաստել Եվրամիության համար գազի «դինամիկ գնային միջանցքի» ներդրման համար՝ փորձելով նվազեցնել էներգակիրների բարձր գները եւ աճող գնաճը:

ԵՄ առաջնորդներն ուրբաթ Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն՝ արդյո՞ք գազի գները պետք է սահմանափակվեն, եւ եթե՝ այո, ապա՝ ինչպես: Բրյուսելը քննարկում է գաղափարը, բայց դեռ պաշտոնական առաջարկ չի արել, եւ այդ ընթացքում որոշ երկրներ նախապատրաստել են իրենց սեփականները։

«Միջանցքը կկիրառվի բոլոր մեծածախ գործարքների դեպքում՝ չսահմանափակվելով որոշակի իրավասությունների ներմուծմամբ եւ չսահմանափակվելով բնական գազի հատուկ օգտագործմամբ»,- ասվում է առաջարկվող գնային «միջանցքն» ուրվագծող փաստաթղթում։

Փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը եւ կիսվել ԵՄ այլ երկրների հետ, գնային միջանցք է առաջարկում, որը բավականաչափ բարձր է, որպեսզի գազի շուկան շարունակի գործել, եւ բավական ճկուն, որպեսզի եվրոպական երկրները կարողանան շարունակել մատակարարումներ ներգրավել մրցակցային շուկաներից՝ գազի համաշխարհային շուկայի գնով։.
Անհրաժեշտության դեպքում դա կարող է միջանցքից բարձր գներով գազի գործարքների թույլտվություն նշանակել, ասվում է զեկույցում։ «Այն պետք է գործի որպես անջատիչ եւ չխոչընդոտի շահարկումներին: Այն նախատեսված չէ արհեստականորեն ցածր մակարդակով գները ճնշելու համար»,- ասվում է փաստաթղթում՝ նշելով, որ այդ «միջանցքը» պետք է կիրառվի երկարաժամկետ պայմանագրերի վրա, որոնցում գինը կապված է առկա գնային կողմնորոշիչների հետ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի հրավիրել է ԵՄ առաջնորդներին՝ գազի գնի տարբեր տեսակների սահմանաչափերը քննարկելու համար։
Այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ գազի գնորդը, եւ Նիդեռլանդները դեմ են առաջարկին՝ նախազգուշացնելով, որ գների սահմանափակումները կարող են խաթարել էներգետիկ անվտանգությունն այս ձմռանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ