News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը, հողեր հանձնելուն զուգահեռ, հերթով հանձնում է նաեւ Հայաստանի պետական ինստիտուտները՝ այնտեղ գործուղելով այնպիսի անձանց, ովքեր կա՛մ այդ ինստիտուտների դեմ են աշխատել, կա՛մ ոչ մի կապ չունեն դրանց հետ։

Երեկ ԱԺ-ն որոշեց ԲԴԽ գործուղել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ-ն կդառնա գործադիր իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կամակատարը։ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահի ժՊ-ն Սերգեյ Չիչոյանն է, ով չէր կարող դառնալ ԲԴԽ նախագահ, քանի որ գործող դատավոր է, իսկ այս փուլում ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի գիտնական-անդամ, թեեւ ՔՊ կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին դժվար է գիտնական անվանել։  

Չիչոյանը, ով նախկինում քննադատել էր Անդրեասյանին՝ դատական համակարգի մասին հայտարարությունների համար, երեկ ասաց, որ «շատ նորմալ է վերաբերվում» նրա՝ ԲԴԽ անդամ դառնալուն, իսկ կնշանակվի նա ԲԴԽ նախագահ, թե ոչ՝ արդեն խորհուրդն է որոշելու։

Ինչի՞ց ելնելով եք նորմալ վերաբերվում նրա՝ ԲԴԽ տեղափոխվելուն։

Որովհետեւ 1 տարի է՝ Կարեն Անդրեասյանի հետ աշխատում եմ, իսկ 3 ամսից ավելի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, շատ հարցերով առնչվել եմ, շփվել եմ Անդրեասյանի հետ եւ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը նորմալ եմ գնահատում։

Հատկապես ո՞ր հարցում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, ԲԴԽ ուղարկած վարույթների՞, թե՞ դատական համակարգի հասցեին արած կոպիտ, քաղաքական արտահայտությունների հարցում։

Արած արտահայտություններն իր սուբյեկտիվ կարծիքն են եղել, իսկ ինչ վերաբերում է կարգապահական վարույթներ ուղարկելուն, ապա խորհուրդը միաձայն չի որոշում կայացրել՝ ընդհանուր ձայներով է եղել։

Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ վարույթ է ուղարկել Անդրեասյանը ԲԴԽ, եւ դրանցից քանի՞սն է մերժվել ձեր կողմից։

Կդժվարանամ ասել, բայց բավականին շատ էին։ Կարող եմ ասել՝ մեծ մասը մերժվել է։

Բա ասում եք՝ պրոֆեսիոնալՀիմա այդ նախարարը, որի ուղարկած վարույթների մեծ մասը ԲԴԽ-ն մերժել է, այսինքն՝ խորհուրդը դրանք գնահատել է որպես սխալ, անհիմն վարույթներ՝ հարուցված Անդրեասյանի կողմից, այսօր դառնալու է այդ վարույթները քննող մարմնի ղեկավար, եւ դա, ըստ Ձեզ, նորմա՞լ է։

Աննորմալ բան չեմ տեսնում։ Ինքը՝ որպես մեկ ձայնի իրավունք ունեցող խորհրդի անդամ, իր դիրքորոշումը կհայտնի ցանկացած վարույթի հետ կապված։

Բայց այդ մերժված վարույթները նաեւ ուղարկողի պրոֆեսիոնալիզմի մասին են, չէ՞, վկայում, այսինքն՝ ինքը ճիշտ չի գնահատել դատավորների վարքը, անհիմն վարույթներ է հարուցել։

Իր պրոֆեսիոնալիզմի մասին քիչ առաջ ասացի, որ ես աշխատել եմ իր հետ եւ իր պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում։

Իսկ պրոֆեսիոնալ անձը կարո՞ղ է իրեն թույլ տալ քաղաքական գնահատականներ հնչեցնել դատական համակարգի հասցեին, այն էլ՝ անպատասխանատու ձեւով՝ «40 կոռումպացված դատավորներ» եւ այլն, վիրավորելով ողջ համակարգը եւ հիմքեր չներկայացնելով։

Դա արդեն էթիկայի հետ է կապված, եթե ինքը գործող դատավոր կամ խորհրդի անդամ լինի, իրավունք չունի նման արտահայտություններ անելու։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ կարծում եմ, որ ազատ է իր արտահայտությունների մեջ։

Այսինքն, այդ քաղաքական գործիչը որ վաղը դառնա ԲԴԽ անդամ, նախկինում նրա արած հայտարարություններն ի չի՞ք են դառնալու։

Ես լսել եմ պարոն Անդրեասյանի ելույթը, որ ասում է՝ ինքը մի կողմ է դնում իր քաղաքական գործունեությունը եւ անցնում է արդեն համակարգին ուրիշ աչքերով նայելուն։

Իսկ, պարոն Չիչոյան, մարդը կարո՞ղ է այդպես արագ տրանսֆորմացվել։

Արա՞գ։ Ես կարծում եմ, որ Անդրեասյանը ԲԴԽ-ում 8-9 անդամների հետ աշխատելով՝ շատ շուտ հունի մեջ կընկնի։

Համառորեն պաշտպանում եք Կարեն Անդրեասյանին ու նրա՝ ԲԴԽ տեղափոխվելը։

Ես չեմ պաշտպանում, իրողությունն եմ ասում, պաշտպանելու խնդիր չունեմ, եւ ինքն էլ, կարծում եմ, էս պահին պաշտպանվելու խնդիր չունի։ Ես մտածում եմ, որ ներսում աշխատելով՝ բավականին բան պարոն Անդրեասյանի մեջ էլ կփոխվի, ներսից արդեն այլ աչքերով կնայի դատական իշխանությանը։

Այսինքն՝ կհասկանա՞, որ բոլորը չէ, որ կոռումպացված են դատական համակարգում, որ «պատերի տակ վնգստացող» դատավոր ասել չի կարելի։

Չի կարող պատահել, որ բոլորը կոռումպացված լինեն, նախկինների կամ ներկաների ազդեցության տակ լինեն։ Ես բազմիցս ասել եմ, էսօր էլ եմ ասում՝ չկա նման բան համակարգում թե՛ նախկինում, թե՛ հիմա։

Նման արտահայտություն անելով՝ էթիկայի խախտում թույլ տվե՞լ է Կարեն Անդրեասյանը, վիրավորե՞լ է դատական համակարգի ներկայացուցիչներին, որոնցից մեկն էլ Դուք եք։

Թույլ տվեք էդ հարցին չպատասխանել, բայց իմ հարցազրույցներից մեկում ասել եմ։

Որ ճիշտ չե՞ք համարում։

Դե, ասել եմ արդեն ժամանակին։

Իսկ զուտ ինստիտուցիոնալ առումով ճի՞շտ է, արդյոք, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, ով նաեւ կուսակցական է եւ կուսակցապետի նկարը կախել է իր սենյակում ու ամեն օր նայում է, ու ոգեշնչվում, բերել-նշանակել անկախ դատական մարմնի ղեկավար։ Զուտ ինստիտուտի շահերի առումով դա ողջունելի՞ քայլ է, թե՞ հակառակը։

Օրենքի առումով արգելք չկա, ինքն էսօր արդեն կուսակցական չէ, եւ չեմ տեսնում էդտեղ խնդիր, որ ինքը կարող է ԲԴԽ անդամ աշխատել։

Հասկանալի է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Ես նկատի ունեմ՝ ինստիտուցիոնալ առումով արժե՞ր «5 րոպե առաջ» կուսակցությունից դուրս եկած մարդուն բերել նշանակել դատական իշխանության ղեկավար։

Կարծում եմ՝ խնդիր չկա էդտեղ։

Դուք համառորեն պաշտպանում եք Անդրեասյանի՝ ԲԴԽ գործուղվելը, ենթադրում եմ՝ կարդարացնեք նաեւ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ գնալը։

Ես համառորեն չեմ պաշտպանում, ուզում եմ օբյեկտիվ, լուսավոր աչքերով նայել, մտածել, որ պարոն Անդրեասյանը գալիս է՝ կմտածի էնպես, ինչպես դատական համակարգում են մտածում, կմտածի էնպես, ինչպես մնացած անդամներն են մտածում։ Ես դրանում համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ինքն էլ է էդպես մտածում, ինչպես մենք ենք մտածում։

Կներեք, Դուք է՞լ եք հեշտությամբ փոխում Ձեր մտածողությունը, սկզբունքները, որ մի իրավիճակում մի բան ասեք, մեկ այլ իրավիճակում՝ այլ բան։

Չէ, ես բավականին երկար աշխատանքային ստաժ ունեմ, եւ ինձ ճանաչողները, այդ թվում՝ նաեւ Դուք, որ բավականին շփվել եք ինձ հետ, կփաստեն, որ իմ կարծիքը չեմ փոխել ոչ մի անգամ։ Ես լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նախարարը զանգեց, ասաց կգամ արվեստանոց, մի ամբողջ օր սպասեցի, չեկավ. քանդակագործը՝ Դումանյանի մասին
Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում...
«Հրապարակ». Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»
Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր...
«Փաստ». Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է
Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է...
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է
Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում...
«Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետը սիրում է գնալ միջոցառումների, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաև մարզը կապ չունի
Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ...
«Փաստ». Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում
Հարցին՝ եթե իրոք այդպես է, ինչո՞ւ է թույլ տվել, որ գումարային քննարկումներ ծավալվեն, նա պատասխանեց, որ Ալիյանն իրենց ասել է, թե հետաքրքրությունից...
Ամենաշատ