News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Զորյան ինստիտուտի եւ Կանադայի հայ համայնքի անդամները նամակով դիմել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը.

«Ձե՛րդ Գերազանցություն պարոն վարչապետ

Դուք հավանաբար տեղյակ եք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 12:05-ին Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց չհայտարարված եւ չարդարացված լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստան-Ադրբեջան սահմանի արեւելյան հատվածի մի քանի ուղղություններով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Օգտագործելով ծանր հրետանի, բազմակի արձակման հրթիռային համակարգեր եւ մարտական անօդաչու թռչող սարքերը, ադրբեջանական զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները եւ հարակից գյուղերը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վնասվել են շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժ․ հաստատություն, 7 էլեկտրական օբյեկտ, 5 ջրային օբյեկտ, 3 գազատար եւ 1 կամուրջ։ Զոհերի եւ անհետ կորածների թիվը այս պահին գերազանցում է 207-ը։ Կասկած չկա, որ նման անասելի վայրագություններ կատարելը ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից սեփական հասարակության շրջանում հայատյացության եւ թշնամանքի սերմանման տասնամյակներ շարունակվող քաղաքականության ուղղակի արդյունքն է։

Կարևոր է նշել, որ սա սահմանային բախում չէր: Սա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Ադրբեջանի վերջին ագրեսիային անդրադարձան եւ դատապարտեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ վերջին նիստի ընթացքում և դրանից հետո։

Հայ-ադրբեջանական սահմանները շարունակում են մնալ ծայրահեղ լարված, եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրությանը բազմիցս զգուշացել է Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման հավանականության մասին։ Ադրբեջանի եւ նրա աջակիցների (Ռուսաստանի եւ Թուրքիայի) գործողությունները պետք է վաղ նախազգուշացման ազդանշան ծառայեին միջազգային հանրության համար։ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի եւ նրա ինքնիշխան տարածքի դեմ բազմիցս հնչեցրած պնդումները պահանջում են միջազգային հանրության կոշտ, հստակ եւ միանշանակ ուղերձ՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից ցանկացած հետագա զինված ագրեսիա կամ նմանատիպ գործողություն, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ փխրուն իրավիճակը տարածաշրջանում, չի հանդուրժվի: Եթե այս գործողությունները շարունակվեն, ապա անհրաժեշտ է, որ Ադրբեջանի Հանրապետությունը առերեսվի ուժի կիրառման եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խարտիայի խախտման հետևանքների հետ: Սա հարձակում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այլ նաև նրա ժողովրդավարության դեմ, ինչպես նաեւ խորքային իմաստով միջազգային իրավունքի եւ կարգի դեմ։

Այս առումով, եւ ի շահ տարածաշրջանային կայունության, մենք՝ Զորյան ինստիտուտի եւ Կանադայի հայ համայնքի անդամներս, խնդրում ենք Ձեզ հետ հրատապ հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար Կանադայի կառավարության գործողությունների ծրագիրը՝ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարությանը։ Մենք նաեւ կոչ ենք անում Կանադայի կառավարությանը ձեռնարկել հետեւյալ գործողությունները.

1.           պահանջել ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան,

2.           գործարկել միջազգային դիտորդական առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում՝ օգնելու ապահովել տարածաշրջանային կայունությունը,

3.           աջակցել, որ կազմակերպվի  ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ եւ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական եւ մարդու իրավունքների վիճակը գնահատելու եւ տեղում մշակութային ժառանգության պաշտպանությունը ապահովելու նպատակով,

4.           օգնել ապահովել, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը մուտք ունենան դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի,

5.           օգնել ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները եւ անվտանգությունը ապահովվեն եւ երաշխավորվեն։

Պարոն վարչապետ, Կանադան վայելում եւ հպարտանում է մարդու համընդհանուր իրավունքների եւ միջազգային խաղաղության պաշտպանի իր երկարամյա համբավով։ Բնական է, որ կանադական արժեքները ազդեցություն ունենան այս կարևոր հարցերի նկատմամբ:

Հարգանքով՝ Կ․Մ․ Գուրգեն Սարգասյան՝ Զորյան ինստիտուտի նախագահ,

Դոկտոր Նուբար Աֆեյան՝ Moderna-ի համահիմնադիր, Aurora Prize-ի համահիմնադիր

Դոկտոր Ատոմ Էգոյան՝ կանադացի կինոռեժիսոր

Պրոֆեսոր Դորիս Բերգեն՝ Տորոնտոյի համալսարանի Կանցլեր Ռոուզի եւ Ռեյ Վուլֆի անվան հոլոքոստի ուսումնասիրության կենտորնի պրոֆեսոր

Պրոֆեսոր Ռոջեր Վ. Սմիթ՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ

Արմինե Յալնիզյան՝ տնտեսագետ եւ աշխատողների ապագայի հարցերով զբաղվող Աթկինսոն հիմնադրամի գիտաշխատող

Արսինե Խանջյան՝ դերասանուհի, պրոդյուսեր եւ քաղաքացիական իրավունքների ակտիվիստ

Դոկտոր Արշավիր Գյունջյան՝ ՄակԳիլ Համալսարանի Էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր

Ալան Ուայթհորն՝ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ