News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15:

Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել է ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ներխուժած վայրերից:

Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը:

Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ:

Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր:

Արման Թաթոյանը շեշտել է, որ հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Տպել
Ամենաշատ