News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ից «Շախմատը», որպես հանրակրթական առարկա դասավանդվելու է հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն, այսօր` օգոստոսի 30-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Նախարարը նշել է, որ շախմատը հանրակրթական ծրագրերում ընդգրկելու մտադրությունը քննարկվել է դեռ երեք տարի առաջ, եւ շեշտել, որ այդ «հանդուգն» ծրագիրը կյանքի կոչելու պահն արդեն հասունացել էր:

«Այսպիսով Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը դասավանդվելու է հանրակրթական բոլոր դպրոցներում, եւ ներառվել է հանրակրթության պետական չափորոշիչում: Գալիք տարի առարկան կդասավանդվի նաեւ երրորդ, իսկ հաջորդ տարի` չորրորդ դասարաններում: 2013 թվականին առարկան ամբոջ ծավալով ներդրված կլինի տարրական դպրոցում»,-ընդգծել է նախարարը:

Այս քայլը դիտարկելով կրթական բարեփոխումների համատեքստում`  Ա. Աշոտյանը մասնավորապես նշել է. «Մեր երկրում կրթական բարեփոխումներ իրականացնելու ընթացքում, որպես կանոն փորձել ենք կիրառել տարբեր երկրների առաջատար փորձը: Շախմատի ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի շուրջ արդեն լուրջ հետաքրքրություն կա: Մենք, իհարկե, բոլոր երեխաներին շախմատիստ դարձնելու նպատակ չենք հետապնդում` դա անիրատեսական է: Ուսումնական ծրագրերում այս առարկան ներառելու հիմնական նպատակն աշակերտների  տրամաբանական մտածողության զագացումն է: Վստահ եմ, որ շախմատը կնպաստի սեփական որոշումների համար պատասխանատվություն կրող, հմուտ եւ կազմակերպված անհատի ձեւավորմանը»:

ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ արդեն տպագրվել են «Շախմատ» առարկայի դասագիրքը, աշխատանքնային տետրերը, ուսուցչի ձեռնարկը եւ գործնական աշխատանքների հավաքածուն: Մինչեւ այս շաբաթվա վերջ, ըստ նախարարի, բոլոր դպրոցները կստանան համապատասխան գույք` շախմատի հավաքածու, սեղան, ցուցատախտակ եւ այլ պարագաներ: Բոլոր դպրոցներում ձեւավորվելու են շախմատի կաբինետներ: Հանրակրթական դպրոցներում  շախմատի ուսուցումն ապահովելու նպատակով, ՀՀ պետական բյուջեից 900 մլն դրամ է հատկացվել: Նախարարը տեղեկացրել է, որ երկրորդ դասարանում «Շախմատ» առարկան դասավանդվելու է շաբաթական 2 դասաժամով: Երկրորդ դասարանի ուսումնական ծրագրով «Ֆիզկուլտարա» առարկային հատկացված 3 դասաժամերից 1-ը տրամադրվել է  «Շախմատին», երկրորդ դասաժամը հատկացվել է հավելյալ:

Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը տեղեկացրել է, որ վերապատրաստվել են 1219 մանկավարժներ, ովքեր «20» բալանոց սանդղակով հանձնել են քննություններ եւ ստացել դպրոցում դասավանդելու իրավունք: Ս. Լպուտյանը նշել է նաեւ, որ ուսումնական ծրագիրը մոտ երեք ամիս փորձարկվել է մայրաքաղաքի երկու դպրոցներում, արդյունքները դրական են եղել: Ասուլիսին ներկա մասնագետները`շախմատի ուսուցիչները, հոգեբան-մանկավարժները, վստահեցրել են, որ 6-7 տարեկան հասակը շախմատը յուրացնելու լավագույն տարիքն է համարվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ