News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում», ինչպես նաեւ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագրին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ բյուջեից՝ ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, առաջին համաձայնագրի ծրագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:

«Մասնավորախպես աջակցությունը կտրամադրվի ՆԳՆ-ի ձեւավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման եւ նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում պարեկային ծռայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման եւ միգրացիոն  քաղաքականության մշակման եւ իրականացման կարողությունների հզորացման մասով:

Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը եւ նոր 2023-2025 թվականների գործողությունների  ծրագրի մշակմանը, ինչպես  նաեւ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացման եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման խթանման նպատակով»,-ասաց փոխվարչապետը:

Հաջորդ համաձայնագիրը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված ներառական եւ դիմակայուն սոցիալտնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը. «Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը եւ գործող բիզնեսների վերականգնմանը: Ըստ այդմ, շուրջ 1500 միջին եւ փոքր միկրոձեռնարկություններ եւ անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան առնվազն 200 փոքր միկրոձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բիզնեսների արտադրողականության բարձրացման եւ Եմ շուկա արտահանման խթանման նպատակով:

Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց եւ երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը եւ բիզնես նախաձեռնությունների ֆինանսովորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաեւ Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում արոտավայրերի հասանելիությանը եւ ոռոգման համակարգերի վերականգնման ուղղված նախաձեռնություններ: Ծրագրի շրջանակներում կա նաեւ կրթական բաղադրիչ, կհամաֆինանսավորվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո»-ի կողմից Գյումրիում խոհարարություն եւ հյուրընկալության կառավարման դպրոցի  եւ ձեռնարկատիրական դպրոցի հիմնադրման  նախաձեռնությունը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման եւ համապատասխանության համակարգի ներդրմանը:

Օժանդակություն կտրամադրվի նաեւ միասնական սոցիալական ծառայությունների  կենտրոնների տեխնիկական հագեցման նպատակով: Այս բաղադրիչի ներքո թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման եւ սոցիալ հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ