Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը, որից ընտանիքի անդամները լուր չունեն 2021 թվականի նոյեմբերի 12–ից, դատարանի վճռով ճանաչվել է մահացած։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը։

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 10–ին բավարարել է Վահե Մանուկյանի կնոջ՝  Լիանա Մելիքսեթյանի  ներկայացուցիչ Ս. Պողոսյանի դիմումը եւ Վահե Սամվելի Մանուկյանին ճանաչել մահացած՝ 12.11. 2021 թվականից։

Ըստ դատարանի՝ այն որ Վահե Մանուկյանն անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետեւանքով, հաստատվում է նաեւ ՊՆ զորամասի հրամանատարի տեղեկանքով, որի համաձայն՝ Վահե Մանուկյանը նույն զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկվել է 12.11.2021–26.11.2021 թթ. ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնելու ցուցակներում  եւ ծառայությունն իրականացվել է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։

Դատարանն արձանագրել է, որ նշված ապացույցների ամբողջությունը բավարար է հաստատված համարելու համար ՀՀ Քաղաքացիական օրենսգչքի 47–րդ հոդվածով նշված փաստի առկայությունը, ինչը հիմք է Լիանա Մելիքսեթյանի դիմումը հիմնավոր համարելու եւ դիմումի պահանջը բավարարելու համար։

Քննչական կոմիտեն NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ «Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ.–ի նոյեմբերի 22–ին դեպքի փաստով հարուցվել  է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։

Հայկ Մանուկյանի խոսքով՝  Վահեն համարվում է անհայտ անձի կողմից սպանված։

«Իմ եղբորը բերեք տվեք ինձ, կամ եթե մահացած է, դիակը տվեք ինձ, ոչ մի բանը չեն անում, ես ինչպե՞ս հավատամ իրենց»,– նկատեց Հայկ Մանուկյանը։

Իսկ թե ինչ փուլում է գտնվում հարուցված քրեական գործը, NEWS.am-ը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե։ Ստանալուն պես այն կհրապարակենք։