Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ «սառեցնում» ռազմական ու առեւտրային նախագծերով համագործակցությունը։ Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Նա հայտարարել է, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրել, հայտնում է СNN Turk հեռուստաալիքը։

Նշենք, որ «Ազատության նավատորմի» միջադեպի մանրամասներն ուսումնասիրող ՄԱԿ-ի հանձնաժողովի լիարժեք զեկույցի ամբողջական տեքստը հրապարակումից մեկ օր առաջ հայտնվել էր New York Times թերթի լրագրողների տրամադրության տակ։

Զեկույցում նշվում է, որ Իսրայելը Գազա ուղեւորվող թուրքական նավը գրոհելու ժամանակ ագրեսիա է ցուցաբերել։ Փորձագետները ենթադրում են, որ իսրայելցի զինվորականների գործողությունները չարդարացված են եղել։

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին հենց «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին։ Այդ գրոհից հետո Անկարան հայտարարել էր Թել Ավիվի հետ հարաբերությունները վերանայելու մասին եւ պահանջել էր պաշտոնապես նորողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին  փոխհատուցում վճարել։ Իսրայելը կտրականապես հրաժարվել էր ներողություն խնդրել։