News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԼՂՀ  անկախության 20-ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների եւ շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներին եւ մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ եւ կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն  այսուհետեւ կունենա նաեւ Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Այդպիսով ավտովթար, հրդեհ կամ յուրաքանչյուր այլ արտակարգ պատահարի դեպքում քաղաքացիների ահազանգերին արձագանքելն այսուհետ կլինելի շատ ավելի հեշտ եւ համակարգված: Այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետի կողմից անհրաժեշտ սարքավորումներով կահավորվել է մեկ սենյակ եւ բացատրվել է ծրագրի կիրակման եւ կառավարման բոլոր մանրամասները: Ծրագիրը հնարավորություն է տալու նաեւ հաշվետվություններ ստանալ` շաբաթների, ամիսների եւ տարվա կտրվածքով: Նախատեսվում է, որ համակարգչային այս ծրագիրը կներդրվի նաեւ ԼՂՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Վերոնշյալից բացի, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում եւ Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում  ընդունել են հարյուրավոր հիվանդների: Բաց դռների շրջանակում անվճար բուժսպասարկում եւ, ըստ անհրաժեշտության, դեղորայք է տրամադրվել բոլոր այցելուներին:   Կատարվել են նաեւ վիրահատություններ:

Երեւանից ժամանած բժիկների հետ զրուցել եւ շնորհակալություն է հայտնել ԼՀՂ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը:

Հատկապես կարեւորելով փորձի փոխանակումն ու երեւանյան առաջատար բուհաստատությունների հետ հետագա համագործակցությունը, նախարարը նախ եւ առաջ ընդգծել է սպասարկման բարձր մակարդակը:

«Հատկապես Քարվաճառը,  Գետավանը շատ հեռու են եւ այդ բնակչությունը դժվարությամբ է Ստեփանակերտ հասնում, դրա համար մենք ընտրեցինք այդ գյուղերը, ինչն ավելի նպատակահարմար կլիներ նախաձեռնության արդյունավետության տեսանկյունից: Անչափ շնորհակալ ենք Երեւանի քաղաքապետարանին նման նախաձեռնության համար: Հուսամ դրանք կլինեն շարունակական» - նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ