News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին  սպառնացող լրջագույն մարտահրավերների, հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների  առնչությամբ:

Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման, ինքնության ճգնաժամի, ներհասարակական բևեռացվածության,  ապագայի հանդեպ անորոշության ու տագնապի զգացումների ահագնացման, արտագաղթի տրամադրությունների աճի դրսևորումներով, որոնք իրենց քայքայիչ ներգործությամբ դժվարացնում են առկա գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը։

Մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված ու քաջալերանքը հղում Հայոց բանակի քաջարի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի հերոսական ժողովրդին, որ բացառիկ նվիրումով ու անձնազոհությամբ դիմագրավում են թշնամական ոտնձգություններին ու հարձակումներին։

Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է:

Ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։

Երախտագիտությամբ կարևորում ենք խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։

Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Պատմության ընթացքում բազմիցս բախվել ենք առավել դժվարին իրավիճակների, սակայն Աստծո կամոք մեր ժողովուրդը ի գին բազում զոհողությունների, իր ազգային բարձր գիտակցությամբ ու անսասան հավատով, միասնականությամբ և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն և կերտել իր նոր կյանքը։ Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այս փորձությունը ևս արժանապատվորեն պիտի հաղթահարի։

Աղոթում ենք պատերազմի հետևանքով  զոհված, վիրավորված, գերեվարված, անհայտ կորած հայորդիների և բռնի տեղահանված ընտանիքների համար՝ Ամենախնամ Տիրոջ զորակցությունն ու մխիթարությունը հայցելով վշտացյալ ու տագնապահար բոլոր հոգիներին և մեր ողջ ժողովրդին:

Թող Ամենողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին համայն և համերաշխության մեջ պահի ազգերին ու ժողովուրդներին՝ Իր սիրո ու հաշտության շնորհը հեղելով մարդկային սրտերում ու հոգիներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Ամենաշատ