News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են  Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, խորհուրդներ եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդ համայնքի համայնքապետի աշխատակազմի քարտուղարին եւ նույն համայնքի համայնքապետարանի տեղակալին՝  իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թվականի օգոստոս ամսին «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց, որը դրսեւորվել է 2022 թվականի օգոստոս ամսին աշխատակազմի քարտուղարի կողմից իր աշխատասենյակում մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում պահանջելով, որպես ավագանի թեկնածություն առաջադրել եւ դրանով ներկայացնել գործող համայնքի ղեկավարի թիմը:

Ապա, 2022 թվականի օգոստոսի 22-ին Բերդ համայնքի համայնքապետարանի տեղակալի կողմից «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ծանուցում ուղարկելով՝ նշելով «ՀՀ աշխատանքային օրենսգքրի» 123-րդ հոդվածով նախատեսված կարգով «Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի եւ նրա միջեւ կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը սույն թվականի սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին:   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդի համայնքապետարանի համայնքապետի տեղակալի եւ նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Նրանցից երկուսը կալանավորվել են: 

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Ամենաշատ