
Իսրայելն ունի հնարավորություն հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն նոր վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է «մանրակրկիտ» դիտարկի այդ հարցը՝ նախքան հրաման տալը: Այս մասին հայտարարել է պաշտոնից հեռացող պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է JPost-ը։
«Իսրայելն Իրանում գործելու հնարավորություն ունի։ Մենք ունենք պատրաստականություն, զարգացման հնարավորություններ, երկարաժամկետ ծրագրեր։ Մենք պետք է պատրաստվենք այս հնարավորությանը, եւ մենք պետք է նաեւ շատ ուշադիր դիտարկենք այս հարցը՝ նախքան գործելը»,- ասել է նա:
Համարվում է, որ նման նախապատրաստությունները ավելի քան 7 միլիարդ շեկել արժեն։
Ավելի վաղ «Լիկուդ»-ի պատգամավոր Ցախի Խանեգբին հայտարարել էր, որ նոր վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հրաման կտա, եթե ԱՄՆ-ը միջուկային համաձայնագիր չկնքի եւ միջոցներ չձեռնարկի Թեհրանի դեմ:
Հեռացող նախարարի խոսքով՝ Իրանին հարվածելու տարբերակը «պետք է նախապատրաստվի, եւ այդ հարցը նաեւ պետք է շատ ուշադիր դիտարկել նախքան իրականացնելը»։
Իսրայելի եւ Իրանի միջեւ մրցակցությունը տեղի է ունենում բոլոր մակարդակներում՝ սկսած տեխնոլոգիաներից, գիտական շրջանակներից, տիեզերքից մինչեւ ահաբեկչական կազմակերպություններին զենքի փոխանցում, ասել է Հանցը:
«Ես կանխատեսում եմ, որ իրանական թշնամանքը խթան կստանա Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ համաշխարհային տերությունների միջեւ շարունակվող պայքարի արդյունքում։ Եվ դա իր ազդեցությունը կունենա ողջ տարածաշրջանի վրա»։