News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խորհրդային միության փլուզումից հետո ԱՊՀ-ն դարձավ այն  կառույցը, որն վերջին 20 տարիների ընթացքում կարողացավ ապահովել տարածաշրջանային նշանակության ամենակարեւոր խնդիրների լուծման ձեւաչափերից մեկը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Բացի այդ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառույցը կարողացավ ապահովել համաչափ հարաբերություններ նախկին խորհրդային երկրների միջեւ, համագործակցութուն ապահովեց ընդհանրացված շահերի շրջանակներում, ինչպիսիք են արտաքին եւ ներքին կայունության ապահովումը, դրական դերակատարություն ունեցավ ժողովորդավարական համակարգերի ձեւավորման հարցում ե վերջապես, տնտեսական փոխօգնության տարբեր ծրագրեր մշակեց»,- թվարկեց պատգամավորը։

ԱՊՀ կարեւոր գործառույթների շարքում Արտակ Զաքարյանը նշեց նաեւ կառույցի ծավալած գործունեությունն ընդդեմ ահաբեկչության եւ մաքսանենգության՝ չստորադասելով կառույցի՝ սահմանների համատեղ պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործառույթները։

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ԱՊՀ 20-ամյա գործունեությունը կոնկրետ Հայաստանի համար, եւ կա՞ն խնդիրներ, որոնց լուծման վրա էական ազդեցություն է ունեցել այդ կառույցը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հայաստանի կյանքում առաջին հերթին պետք է կարեւորել ԱՊՀ-ի եւ հատկապես ՀԱՊԿ-ի դերակատարությունը, խիստ կարեւոր է նաեւ տնտեսական, մաքսային, էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտների համագործակցությունը։ ԱՊՀ-ն, առհասարակ, գործընկերություն է, որը Հայաստանի համար ակնհայտ առավելություններ ունի։ Դա այնպիսի գործընկերություն է, որը չի սահմանափակում ուղիղ, անկաշկանդ եւ զարգացող հարաբերություններ ձեւավորել եւ ԵՄ-ի եւ, եւ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ»,- նկատեց պատգամավորը։

Զաքարյանը չկիսեց որոշ փորձագետների այն տեսակետը, որ ԱՊՀ-ն ոչ արդյունավետ գործունեության համար մոտակա տարիներին կարող է փլուզվել։ «Գոնե մոտակա տասը տարիների համար կառույցն անելիքներ ունի։ Նրա առջեւ դրված խնդիրները, ԱՊՀ անդամ երկրների փոխադարձ շահերը դեռեւս չեն սպառվել, ինչը նշանակում է, որ փլուզման հեռանակարների մասին վաղ է խոսել»,- տեսակետ հայտնեց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ ԱՊՀ փլուզմա մեջ ներկայումս շահագրգռված է միայն Ադրբեջանը։ «ԱՊՀ շրջանակներում այդ երկրի շահերի հետապնդման գործընթացը կարծես սպառվել է, եւ նավթային էներգետիկ շահերի հեռանկարներն ավելի շատ դեպի Արեւմուտք են ուղղորդված»,- բացատրեց նա։

Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 3-ին բացվել է ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը: Կառույցի 20-ամյակը լրանում է 2011 թվականի դեկտեմբերին:

Հոբելյանական գագաթաժողովին չեն մասնակցում Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի նախագահները:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Դուշանբե մեկնել էր նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ