News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադըգովի գլխավորությամբ, ինչպես նաեւ բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ գեներալների մասնակցությամբ հատուկ խորհրդակցություն է անցկացնելու, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով զինվորական աղբյուրները:

Թերթը հայտնում է, որ առաջիկա խորհրդակցության քննարկման առարկա են դառնալու Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող գործընթացները եւ ադրբեջանցի գեներալների միջեւ ստեղծված խնդիրները: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում բանակում տիրող իրավիճակին, հրամանատարության կողմից զինվորների հանդեպ կիրառվող կամայականություններին, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի շորթումներին եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերին:

Այսպես, վերջերս Ադրբեջանի ռազմական ակադեմիայի զինվորները նամակներ էին ուղարկել ադրբեջանական «Մուսավաթ» թերթի խմբագրություն, որտեղ մասնավորապես արծարծել  էին հետեւյալ հարցերը. «Սաֆար Աբիեւն ի՞նչ հիմքերով է յուրացրել Պաշտպանության նախարարության կողմից ծառայողական նպատակներով հատկացված 1000 քմ բնակելի տարածքը եւ ավելի քան 1 հեկտար կազմող հողատարածքը:

Իսկ որտե՞ղ են ապրելու հետագա պաշտպանության նախարարները: Թե՞ Աբիեւը որոշել է ցմահ զբաղեցնել այդ պաշտոնը եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ամբողջությամբ թալանել Պաշտպանության նախարարությանը: Ի՞նչ փողերով է Աբիեւը կառուցում միլիոնավոր գումարներ արժեցող ամառանոցները: Թե 2000 մանաթից ավելի աշխատավարձ է ստանում, իսկ միգուցե միլիոնանոց մաղարիչնե՞ր է ստանում»:

Բացի այդ, նշենք, որ վերջերս ադրբեջանական բանակում մեծ աղմուկ են բարձրացել Ադրբեջանի Բեյլեգան շրջանում տեղակայված զորամասում առկա խնդիրների, խարդախությունների եւ կաշառակերության մասին հրապարակումները։ Վերոնշյալ զորամասի կապիտան Գասիմովն ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթին հայտնել էր, որ զորամասը գտնվում է քարուքանդ վիճակում եւ լուրջ վերանորոգման կարիք ունի: Վերանորոգման պատրվակով զորամասի հրամանատարությունը անօրինականորեն յուրացրել էր զինծառայողների աշխատավարձը` ծախսելով այն շինանյութերի ձեռք բերման համար: Կապիտան Գասիմովն ասել էր. «Ես չեմ կարողանում ապահովել իմ եւ ընտանիքիս պահանջները: Թերթի միջոցով դիմում եմ Գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւին: Բանակում այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ զինվորները չեն կարող հայրենասեր լինել»:

Ըստ էության, վերոնշյալ իրադարձությունները լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանի նախագահին , այդ իսկ պատճառով նա որոշել է համապատասխան քայլեր ձեռնարկել` ստեղծված իրավիճակը շտկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ