News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված`Անկարայում ԱՄՆ դեսպանատնից 2010 թ. հունվարի 7-ին ուղարկված 10ANKARA28 փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:

Փաստաթղթում նշվում է. «Թուրքիայի ԱԳՆ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի  հարցերով ռեֆերենտ Սելին Ազայդինը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի 2009թ. դեկտեմբերին Անկարա այցը համարում է դրական եւ  խորհրդանշական:

Փաստը, որ Մամեդյարովը որոշել է այցելել հենց այդ շրջանում, վկայում է ադրբեջանա-թուրքական հարաբերություններում  հրատապ խնդիրների առկայության մասին:

Այցի ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից,  քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը գոհ է Մյունխենում կայացած` Մինսկի խմբի վերջին խորհրդակցության արդյունքներից: Նա ավելացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել Մինսկի խմբի առաջարկները եւ առաջ շարժվել, հենց որ նույն կերպ վարվի Հայաստանը:

Մամեդյարովի հետ հանդիպմանը թուրքական կողմը նշել է, որ անձամբ կորոշի, թե որ աստիճանի առաջընթացը բավարար կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար: Անկարան Ադրբեջանի կողմից պաշտոնական  «ОК»-ի կարիք չունի` վավերացման գործընթացին ձեռնամուխ լինելու համար:  Սակայն թուրք խորհրդարանականները պետք է հաշվի առնեն երկրի հասարակական կարծիքը, որը դեռեւս պատրաստ չէ պաշտպանել գործընթացը:

Օզայդինը նշել է, որ չի հավատում, թե Թուրքիայի կառավարությունը վավերացման գործընթացն սկսելու համար  կարիք ունի հայկական զորքերի  ամբողջությամբ դուրս բերմանը  կամ Մինսկի խմբի համաձայնագրին: «Ադրբեջանի հասարակական կարծիքում դրական տեղաշարժերը, եւ Հայաստանի կողմից կոնկրետ քայլերն առ այն, թե պատրաստ է դրականորեն աշխատել Ադրբեջանի հետ, Թուրքիայի ներսում օգտակար մթնոլորտ կստեղծեն, եւ թուրք խորհրդարանականները կապահովվեն քաղաքական տանիքով` արադարացնելու համար վավերացման ժամանակ իրենց «այո»-ն»:

Օզայդինի խոսքով` Թուրքիայի ԱԳՆ-ն եւ խորհրդարանը ուշադիր հետեւում են Հայաստանից հնչող այն հայտարարություններին, որոնցով հայկական կողմը սպառնում է հետ կանչել ստորագրությունը արձանագրույուններից: Իրենք կարծում են, որ դա Երեւանի ռազմավարությունն է,  որի միջոցով նա փորձում է Թուրքիային ստիպել վավերացնել արձանագրությունները:  Օզայդինը սակայն զգուշացնում է, որ եթե Երեւանը գնա նման քայլի, դա մի շարք բացասական հետեւանքներ կունենա: Թուրքիայում դա կթուլացնի  վավերացման կողմնակիցների դիրքերը: Ընդդիմադիրներն էլ պնդում են, որ Երեւանը գնում է արձանագրություններից ստորագրության հետ կանչմանը, եւ եթե Հայաստանը դիտարկում է նման  քայլը, ապա ինչու է Թուրքիան նախկինի պես ձգտում առաջ շարժվել:

Օզայդինն ընդգծում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արձանագրությունների վավերացումը կոնկրետ ժամկետներում չի դիտարկում: Նույնը կարելի է ասել խորհրդարանի մասին: Ամենայն հավանականությամբ նրանք հետեւում են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին եւ հուսով են, որ առաջընթացի կամ դրական նշանների դեպքում հնարավոր կլինի սկսել վավերացման գործընթացը:

Չնայած այս ամենին` ոչ ոք չի կարող մոռանալ ապրիլի 24-ը: Թուրքիայի ԱԳՆ-ն եւ խորհրդարանականները հրաշալի հասկանում են, որ եթե մինչ այդ արձանագրությունների վավերացման գործընթացում առաջընթաց չլինի, ԱՄՆ կոնգրեսի օրակարգ կարող է մտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Թուրքական կողմը մտահոգված է, որ եթե կոնգրեսն ընդունի նման բանաձեւ կամ Սպիտակ տունն օգտագործի «ցեղասպանություն» տերմինը, շատ դժվար կամ անհնարին կլինի վավերացնել արձանագրությունները եւ շարունակել հայ-թուրքական մերձեցումը:

Որպես ամփոփում` հեռագրում ասվում է, որ վարչապետ Էրդողանը ներքաղաքական ասպարեզում լուրջ խնդրի առջեւ է կանգնել, հարցումներն արձանագրում են վարկանիշի անկում, ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում: Ղարաբաղի հարցում էական առաջընթացի բացակայության պարագայում նա հազիվ թե ռիսկի գնա եւ մոտ ապագայում անդրադառնա արձանագրությունների վավերացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ