News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին հինգ տարիներին Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը հիմնականում ավտոմեքենաների քանակի ավելացման հետեւանքով աճել է 30-40 տոկոսով։ Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։

Նա հավելեց, որ օդի աղտոտվածության 70 տոկոսը կապված է հենց ավտոմեքենաների շահագործման հետ։

Շահնազարյանը նշեց, որ Երեւանում օդի աղտոտվածության մակարդակի աճ է նկատվում. «Բացառություն են կազմել 2020 եւ 2021 թվականները, ինչը կապված էր կորոնավիրուսի հետ։ Ամենաաղտոտված վարչական շրջաններն են Շենգավիթը, Նոր Նորքը եւ Կենտրոն վարչական շրջանը։ Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում, հակառակը, նկատվում է օդի աղտոտվածոջթյան մակարդակի նվազում մոլիբդենային կոմբինատի աշխատանքի դադարեցման պատճառով։ Եթե ​​2017 թվականին ծծմբի արտանետումը կազմել է 38 տոննա, ապա այժմ դա չկա»,- պարզաբանեց փորձագետը։

Շահնազարյանը նկատեց, որ մինչեւ 2026 թվականը նախատեսված են օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունումը լուրջ ազդեցություն կունենա օդի աղտոտվածության հետ կապված գործընթացների կառավարման վրա։

«Բացի այդ, այժմ գործում են էլեկտրական մեքենաների ներկրման արտոնություններ, ինչը դրական ազդեցություն կունենա։ Շրջակա միջավայրի կանաչապատումը նույնպես դրական ազդեցություն է ունենում, ուստի ուրբանիզացիայի հետ զուգահեռ հարկավոր է ակտիվացնել կանաչապատման գործընթացը», – ընդգծեց նա։

Օդի խիստ աղտոտվածության շրջանում փորձագետը խորհուրդ տվեց բժշկական դիմակներ կրել, փակել դռներն ու պատուհանները։

Գայանե Շահնազարյանը խոստովանեց, որ ցածր աշխատավարձի պատճառով գերատեսչությունում որակավորում ունեցող կադրերի, ինչպես նաեւ ժամանակակից սարքավորումների պակաս կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ